ՔՊ-ական պատգամավոր. ՀՀ տարածքում ադրբեջանցիների դիրքավորման մի շարք փորձեր կանխվել են
«Ադրբեջանն ինչ գործ ունի ընդհանրապես, որ խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում, նման բան չկա և չի կարող լինել»,-ԱԺ-ում պատասխանելով լրագրողի՝ Տեղ գյուղի ճանապարհին Ադրբեջանի անցակետեր տեղադրելու հնարավորության մասին հարցին՝ հայտարարեց Սյունիքի մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ Տեղ գյուղից դեպի սահմանային գոտի կա հայկական ոստիկանական անցակետ և ոստիկանությունն ըստ անհրաժեշտության անցակետեր է դնում կամ պարեկային շրջիկ երթևեկություն է իրականացնում նաև այլ հատվածներում:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի երկու զինծառայողներին վերադարձնելու հնարավորության մասին հարցին՝ Խաչատրյանն ասաց, որ դեռ նման հնարավորություն չի տեսնում:
«Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական պրոցեսներ լինեն»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը և, հիշեցնելով որ Բաքվում հայ ռազմագերիներ կան, հավելեց. «Մի բան հստակ կասեմ, որ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, և հանցագործը դատի է տրվելու: Դրանից հետո ինչ պետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից»:
Պատասխանելով Տեղ գյուղի մոտ ստեղծված իրավիճակի մասին հարցին՝ պատգամավորը հայտնեց, որ հարաբերական խաղաղ վիճակ է, ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են:
«Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են, և այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի: Հիմա ոնց կհասնենք դրան՝ ժամանակը ցույց կտա»,-հայտարարեց պատգամավորը:
Նա հավաստիացրեց, որ ՀՀ զինված ուժերը կարող են մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որպեսզի Ադրբեջանցիների առաջխաղացման փորձերը կանխվեն և տեղեկացրեց, որ մի շարք նման փորձեր են եղել, որոնք կանխվել են:
Հարակից հրապարակումներ`
- Տեղ համայնքից ասել են, որ առանձնակի բան չի եղել, վիճաբանություն է եղել.Արմեն Խաչատրյան
- Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան
- Տեղ գյուղում ծանր վիրավորված զինծառայողի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա. Անահիտ Ավանեսյան
- Մեզ ուզում են համոզել, որ մեր հողը մերը չէ. Լուսանկարներ Տեղ գյուղից
- ՌԴ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար. Զախարովա