Ադրբեջանն ավելի արագ Հայաստանի տարածքներ է գրավում, քան ԱԱԾ-ն կորցրածի մակերեսն է ճշգրտում
Ազգային անվանգության ծառայությունը մինչ այս պահը չի հրապարակում, թե Հայաստանի ինքնիշխան տարածքից որքա՞ն մակերես է գրավել թշնամի Ադրբեջանը։ Պարզվում է՝ ծառայության կողմից դեռ ճշգրտման աշխատանքներ են իրականացվում։
Տեղ գյուղում ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, որի հետևանքով հայկական կողմից զոհվեց չորս հատուկ ջոկատային, վեց զինծառայող, այդ թվում կորպուսի հրամանատարը, վիրավորվեցին, Panorama.am-ը տեղեկատվություն ստանալու հարցում ուղղեց ԱԱԾ-ին և կառավարությանը.
1. Մարտի 30-ին ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին Կոռնիձոր-Տեղ երթուղիով անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել 2022թ. օգոստոսին։ Ինչո՞ւ մինչ 2023 թ. Տեղ գյուղի տարածքում պաշպանական գիծ չի կառուցվել և չի կահավորվել։
2. Եթե նշված քայլերն արվեին, Ադրբեջանի ԶՈւ-ն կարո՞ղ էր առաջ գալ ՀՀ ինքնիշխան տարածք և բարենպաստ բարձունքներ գրավեր Տեղ գյուղի տարածքում։
3. ՀՀ ինքնիշխան տարածքում 12.04.2023 թ. դրությամբ որքա՞ն մակերես է զավթել թշնամին նշված հատվածում։
4. Նույն հաղորդագրության համաձայն, հայկական կողմի հաշվարկներով հինգ կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Դրանից երկու օր անց ԱԱԾ-ն տարածեց նոր հաղորդագրություն, ըստ որի ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Խնդրում եմ մանրամասնել, ի՞նչ բարելավման մասին է խոսքը։
Ապրիլի 18-ին ԱԱԾ-ն արձագանքել է հարցմանը՝ անպատասխան թողնելով հարցերի մեծ մասը։
«ՀՀ կառավարությանը հասցեագրված Ձեր 12.04.2023թ. հարցման յապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում բարձրացված հարցերի կապակցությամբ թույլատրելի սահմաններում տեղեկատվությունն արդեն իսկ հրապարակվել է Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում։
Հաշվի առնելով պետության անվտանգության մասին հանրությանը թույլատրելի սահմաններում հավաստի տեղեկություններ տրամադրելու կարևորությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան ճշգրտման աշխատանքներն ացարտելուց հետո անհրաժեշտ տեղեկությունները սահմանված կարգով կհրապարակվեն»։
Թե ինչու պաշտպանական գիծ չի կառուցվել, կահավորում չի իրականացվել, ինչ բարելավումների մասին է խոսքը, ծառայությունից չեն պատասխանել։
Հիշեցնենք, որ մինչ այս պահը չի հրապարակվել հստակ պաշտոնական տվյալ, թե Ադրբեջանն ինչքա՞ն տարածք է գրավել Սև լճի, Ջերմուկի, Ներքին Հանդի ու հարակից գյուղերի հատվածներում։
Ստացվում է, որ Ադրբեջանն ավելի արագ Հայաստանի տարածքներ է գրավում, քան ԱԱԾ-ն կարողանում է հաշվել կորցրածի մակերեսը։