Կանցկացվի Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված երգչախմբային փառատոն
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ Արարատյան Հայրապետական Թեմի գործընկերությամբ ապրիլի 28-ին կմեկնարկի Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին նվիրված Երգչախմբային փառատոն: Հայաստանի կոմպոզիտորների միության հաղորդմամբ, իր տեսակով եզակի նախագիծը մեկ հարկի տակ կհամախմբի ոչ միայն արվեստի, երաժշտական, այնպես էլ հանրակրթական դպրոցներում գործող երգչախմբերին: Ողջ փառատոնի ընթացքում կհնչեն բացառապես հայ հեղինակների ստեղծագործություններ:
Փառատոնի՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի ունեցող առաջին համերգին ելույթ կունենան Երևանի Ղ. Սարյանի անվան, Հ. Դանիելյանի անվան արվեստի, Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը. ծրագրում կհնչեն Ա. Բաբաջանյանի, Է. Հովհաննիսյանի, Ռ. Պետրոսյանի, Ս. Լուսիկյանի, Թ. Ալթունյանի, Ա. Սաթյանի, Ռ. Ամիրխանյանի, Մ. Մավիսակալյանի, Ս. Շաքարյան, Գ. Հարությունյանի (մշակում) ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև դաշնակահար Էլեն Կիրակոսյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի ղեկավարությամբ Մայիլյան վոկալ եռյակը, ովքեր կներկայացնեն Կարա-Մուրզայի ստեղծագործություններից: Ներածական խոսքով հանդես կգա երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:
Երգչախմբային փառատոնի նպատակն է հանրայնացնել մեծանուն կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ Քրիստափոր Կարա-Մուրզայի արվեստը, նրա գործունեությունը, ներկայացնել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները, ստեղծել հարթակ, որտեղ կմիավորվեն դպրոցների երգչախմբերը:
Փառատոնի երկրորդ համերգը կկայանա մայիսի 18-ին՝ Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում, իսկ փակման համերգը՝ հունիսի 15-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Քրիստափոր Կարա-Մուրզան առաջինը հաստատեց բազմաձայն երգեցողությունը հայկական երաժշտության պատմության մեջ. 1885 թ.-ին կայացավ քառաձայն երգչախմբով հայկական բազմաձայն երգի առաջին համերգը, որը, որպես պատմական իրադարձություն, մտավ հայ երաժշտության պատմության մեջ։