Չգիտեմ, եթե մտավորական են կոչվում, արդյոք իրավունք ունեն լինել անտարբեր, տոլերանտ, վախեցած. Շուշան Պետրոսյան
«Երբեք չեմ զբաղվել քաղաքականությամբ։ Ես իմ երկիրն եմ սիրում, և ես պետականամետ մարդ եմ, գիտակցում եմ պետականամետության խորհուրդն ինչ կարևոր է այս փոքրիկ երկրում»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։
Նա նշել է, չգիտի՝ եթե մտավորական են կոչվում, արդյոք իրավունք ունեն լինել անտարբեր, տոլերանտ, վախեցած։
«Արվեստագետն արդեն հեղափոխություն է, արվեստագետն արդեն ազատ խոսք է, արվեստագետն արդեն ազատ թռիչք է, տեսակետ ունեցող է, սկզբունք ունեցող է, գույն ու երանգ ունեցող է, մեղեդի ունեցող է։ Կապ չունի արվեստի որ ոլորտից է։
Բա որ Մասիս ես նկարում, լռությանդ զադերժկան շտեղ ա՞, հայրենասիրական երգեր ես երգում, գրոշ արժի այդ կատարմանդ գինը, եթե որևէ վերաբերմունք ցույց չես տալիս 131 օր շրջափակման մեջ գտնվող Արցախին, լուռումունջ համակերպվում ես, որպեսզի հանկարծ քո կոմֆորտն ու ստուդիայում հայրենիքի մասին երգ երգելու այդ հրաշք պահը չխանգարվի։
Եվ դու լուռ համակերպվում ես Լաչինի, Բերձորի, Աղավնոյի հանձնման հետ։ Դու 15 երեխաների այրվելուց հետո որևէ ծպտուն չես հանում։ Ձայն չես հանում, երբ այս սրիկա իշխանությունն արդեն անցել է հաջորդ սերունդը կոտորելուն։ Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ հարյուրավոր կորուստներ ունեցանք ու դու ձայն չես հանում։ Ո՞վ ես դու այդ դեպքում»,- ասել է վաստակավոր արտիստը։
Շ. Պետրոսյանի խոսքով. մտավորականների մեջ շատ են իշխանության գովաբանողները, ամոթ է, նրանց մեջ կան մի քանի կայացած արվեստագետներ։
«Ես գիտեմ, որ այս իշխանության մեջ շատ-շատերը կան, մեկ վայրկյան շուտ կուզեին իրենից ազատվել, բայց բոլորի վրա կոմպրոմատներ ունի։
Երկիրն ավելի թանկ է, քան կոմպրոմատների ահը։ 3-4 օր կքննարկեն ու կմոռանան, բայց կապրեք նորմալ։ Դուրս եկեք այդ դժոխքից, այդ չարիքի որջից։ Մեղքի կողքին գտնվելը մեղք է։
Նախ պետք է հայ լինել»,- ասել է Շուշան Պետրոսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։