Սուդանի հայկական եկեղեցին ռազմական բախումների վայրից 2 կմ հեռու է, դեռևս անվտանգ է. ՀԱԵ Եգիպտոսի թեմի առաջնորդ
Ապրիլի 15-ից Սուդանի մայրաքաղաք Խարթումում, այլ շրջաններում զինված բախումներ են սկսվել կանոնավոր բանակի և արագ արձագանքման ուժերի միջև։ Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեն հայտնել է, որ երկրում ռազմական բախումների հետևանքով ապրիլի 18-ին, չնայած հայտարարվաված հրադադարին, զոհվել է 30 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 245-ը։ Բժիշկների հաղորդած տվյալներով, հակամարտության սկզբից ի վեր Սուդանում զոհվել է 174 խաղաղ բնակիչ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ Սուդանում բախումների սկզբից ի վեր զոհվել է առնվազն 270 մարդ, ավելի քան 2,6 հազարը վիրավորվել է։
Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի (ընդգրկում է Եգիպտոսի համայնքը, Եթովպիայի և Սուդանի հոգևորհովվությունները, Հարավային Աֆրիկայի ծուխը) առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանն ասաց, որ ռազմական գործողությունները Սուդանում տեղի են ունենում մայրաքաղաք Խարթումի օդանավակայանի տարածքում, այն հայկական եկեղեցուց գրեթե 2 կմ հեռավորության վրա է։
«Հայկական եկեղեցին գտնվում է կարևոր թաղամասում։ Այն օդանավակայանից 2 կիլոմետր հեռավորության վրա է, բայց եկեղեցու տարածքից լսվում են բախումների ձայները»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ եկեղեցուն որևէ վնաս չի հասցվել։
«Անվտանգության հարց չունենք, ամեն ինչ ապահով է քանի դեռ բախումները քաղաքի արվարձաններում են։ Եթե քաղաքի մեջ լինի, արդեն ընդհանուր քաղաքին, բնակիչներին վտանգ կսպառնա, մեր եկեղեցին միգուցե հայտնվի կամ չհայտնվի բախման կենտրոնում»,- ասաց Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։
Սրբազանը հայտնեց, որ Սուդանի համայնքը կազմում է 15-20 հայ, ովքեր իրենց բնակարաններում ապահով սպասում են դեպքերի ավարտին։
«Եթե իրավիճակը բարդանա, երկարաձգվեն ռազմական բախումները, արդեն ամեն մեկն իր ծանոթների, բարեկամների կամ մեր օգնությամբ պետք է փորձեն երկրից դուրս գալ։ Բայց այս պահի դրությամբ դեպքերը օդանավակայանի շրջակայքում են տեղի ունենում և հայտնի չէ, թե ինչ հետևանքներ կունենա»,- ասաց Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները