Արցախի հետ վերջնագրերով խոսելը լավ բանի չի բերում. Սամվել Բաբայան
«Ադրբեջանի նախագահը կարող է հայտարարել այն, ինչ ցանկանում է,այն իր իրավունքն է, բայց մենք ապրելու ենք անկախ՝ Արցախի Անկախության հռչակագրի համաձայն, ժողովրդի ընտրած ճանապարհով և պաշտպանելու ենք մեր երկիրը»,-«Հարցազրույց» հաղորդման ժամին տեսակապով Արցախից հայտարարեց «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով Ալիևի այն հայտարարությունը, թե արցախցիները կա՛մ պետք է ընդունեն ադրբեջանի քաղաքացիություն և ինտեգրվեն, կա՛մ գնա ուր ուզում են:
Ըստ Բաբայանի՝ նման հարցերը հայտարարություններով չի լուծվում և Ադրբեջանը պետք է նստի բանակցությունների, այլ ոչ թե ասի, թե հրավիրում է Բաքու:
«Բայց քանի որ Ալիևը խորը չի գիտակցում Արցախը, ապա նման հայտարարությունները մեզ չեն վերաբերում»,-ասաց Սամվել Բաբայանը:
Նա հայտնեց, որ երկխոսության մասին հայտարարություններ անելիս Ադրբեջանն անկեղծ չէ , իսկ արցախյան կողմն էլ պետք է հստակեցնի բանակցային թեման, ինչպես Հայաստանը, երբ մի քանի փաստաթուղթ փոխանցեց Ադրբեջանին ու ներկայացրեց իր դիրքորոշումը:
«Ես առաջարկել էի, որ արցախյան կողմը ձևակերպի այն բոլոր կետերը, որոնք փոխվստահություն են ներշնչում երկու կողմին: Արցախյան կողմը չի արել այն, իսկ ադրբեջանական կողմը վերջից է խոսում՝ առանց վստահության դաշտ ստեղծելու պահանջներ է ներկայացնում Արցախին»,-Հայտարարեց Բաբայանը և հավելեց. «Արցախի հետ վերջնագրերով խոսելը լավ բանի չի բերում, խորհուրդ կտայի, որ սկսեն փոխվստահությունից»: