Ղազարյանը Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումն անվավեր ճանաչելու համար հինգ խախտում է մատնանշում
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, խորհրդարանական ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը գրում է.
«Դատական կարգով վիճարկվելու է Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու Ազգային ժողովի որոշումը
Իմ կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել և վերացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 11․04․2023 թվականի «Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը։
Որոշումն անվավեր ճանաչելու համար մատնանշված են հինգ խումբ գործոններ․
• Որոշումը կայացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ,
• ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու։
• Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման և ընտրվելու ընթացքում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու։
• ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերին մշտական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու մասին հարցը, ըստ էության տապալվել է՝ նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում ընդիիմության կողմից առաջադրված թեկնածու նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների, հոգեբանական ճնշումների, ելույթի, հարցուպատասխանի հնարավորությունից զրկելու և այլ դրսևորումներով՝ խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը և հանձնաժողովի նիստի հատուկ ընթացակարգը։
• Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում փաստացի ընտրվել է ոչ թե Ազգային ժողովի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը, քանի որ ընտրությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն` փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ գիտեն քաղաքացիները նոր ՄԻՊ-ի մասին. Հարցում
- Նորընտիր ՄԻՊ-ը ներկայացրել է, թե որն է լինելու իր առաջնահերթ նպատակը
- Էդգար Ղազարյան. Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ
- Անահիտ Մանասյանն ընտրվեց ՄԻՊ պաշտոնում
- Սոս Հակոբյան. Սրանք հարցեր են, որոնց դուք առերեսվելու եք, տիկին Մանասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան