Հայաստանում կարմրուկով հիվանդացության դեպքերի թիվը հատել է 100-ի շեմը
Հայաստանում կարմրուկի դեպքերի թիվը գերազանցել է 100-ը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից։ Նշենք, որ ապրիլի 13-ին խմբագրությունը գրավոր հարցում էր ուղարկել ԱՆ՝ կարմրուկի հիվանդացության դեպքերի, առկա իրավիճակի վերաբերյալ։
Panorama-Ապրիլի 13-ի դրությամբ կարմրուկով հիվանդացության քանի՞ դեպք կա գրանցված Հայաստանում։
ԱՆ- Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 103 լաբորատոր հաստատված դեպք։
Panorama-Նրանցից քանի՞սն են հոսպիտալացված, քանի՞սն են մեծահասակ։
ԱՆ- Լաբորատոր հաստատված դեպքերից 36-ը մեծահասակ են։ Ապրիլի 13-ի դրությամբ հոսպիտալացված է եղել 3 պացիենտ։
Panorama-Վերջին 5 օրերի կտրվածքով օրական հիվանդացության քանի՞ նոր դեպք է գրանցվել։
ԱՆ- Վերջին 5 օրում լաբորատոր հաստատվել է հիվանդության 7 դեպք (ապրիլի 9-ին, 10-ին և 13-ին դեպքեր չեն հաստատվել, ապրիլի 11-ին՝ 5 դեպք, ապրիլի 12-ին՝ 2 դեպք)։
Panorama -Եղե՞լ են մահվան ելքով դեպքեր։
ԱՆ- Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։
Panorama-Կա՞ն դպրոցներ, ուսումնական հաստատություններ, որտեղ կարմրուկով հիվանդացության մեկ տասնյակից ավելի դեպքեր են գրանցվել։ Եթե այո, որո՞նք են։ Կա՞ն դպրոցներ, որոնք վարակի պատճառով չեն գործում։
ԱՆ- Ոչ, դպրոցներում, ուսումնական հաստատություններում կարմրուկով հիվանդացման դեպքեր չեն գրանցվել։
Panorama-Ո՞ր բնակավայրերում, համայնքներում է առավել շատ տարածված հիվանդությունը։
ԱՆ- Դեպքերի գերակշիռ մեծամասնությունը Երևանից են, մարզերից առավել շատ դեպքեր կան Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում:
Panorama-Այս տարի կարմրուկի առաջին դեպքը գրանցվելուց ի վեր կարմրուկի դեմ քանի՞ պատվաստում է իրականացվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինչպե՞ս է փոփոխվել պատվաստվողների թիվը։
ԱՆ- 2023 թվականի մարտ ամսին կատարվել է 16199 ԿԿԽ պատվաստում, իսկ նախորդ տարվա մարտ ամսին՝ 6057 ԿԿԽ պատվաստում:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսներին նախազգուշացրել են կարմրուկի համաճարակի վտանգի մասին
- Ո՞ւր կորավ կարմրուկը
- Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով․ ԱՆ
- Կարմրուկի վարակի դեպքեր են գրանցվել նաև դպրոցներում, այդ թվում՝ մանկավարժների շրջանում. «Փաստինֆո»
- Կարմրուկը, Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված կլինիկան ու տեսչական մարմնի անգործությունը