Մեզ համար մերժելի է մոտեցումը՝ տարրալուծել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ. Գարեգին Երկրորդ
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է։ Ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, և եթե խնդիրներ կան, հարցեր կան, նաև հանդիպումներ է ունենում Ամենայն հայոց հայրապետի հետ, եթե դրանք վերաբերում են Ամենայն հայոց հայրապետին և նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ անդրադառնալով հարցին, որ թեև շատ եկեղեցականներ կոշտ քննադատում են իշխանությանը, մյուս կողմից Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում ԿԳՄՍ նախարարին, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Վեհափառ Հայրապետը հիշեցրեց, որ վերջերս իրենց այցելել է ԿԳՄՍ նախարարը, ինչպես նաև Տիգրան Ավինյանը, նրանց հանդիպումների վերաբերյալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը համապատասխան հաղորդագրություն տարածել է և այնտեղ ներկայացված են բոլոր այն հարցերը, խնդիրները, որոնք քննարկել են։
«Տիկին Անդրեասյանի հետ հանդիպմանը մենք անդրադարձել ենք «Հայ եկեղեցու պատմություն» առարկային, որը տարալուծվում է «Հայ ժողովրդի պատմություն» և այլ առարկաների մեջ, որը մենք ճիշտ չենք գտնում, և որին մենք հստակ մեր ժխտական դիրքորոշումն արտահայտել ենք: Այս օրերին էլ, անշուշտ, մեր հոգևորականների կողմից այդ խնդրին անդրադարձ եղավ, իրենք նույնպես արտահայտեցին վերաբերմունքը մեր և մեր սուրբ եկեղեցու, և, կարծում եմ, մեր հավատավոր ժողովրդի:
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան միայն գիտելիքների փոխանցում չէ, այն ոգի, նկարագիր, ինքնություն, գիտակցություն, արժեհամակարգ կերտող դասընթաց է: Հնարավոր է, որ այսօր այդ դասագրքերը ճիշտ կազմված չլինեն, թեմաները ճիշտ ներկայացված չլինեն: Կարելի է այդ դասագրքերը խմբագրել, սրբագրել և ճիշտ վիճակի մեջ բերել: Նաև պետք է ուսուցիչների վերապատրաստության գործընթացն իրականացնել: Այս խնդրի կապակցությամբ մենք ունեինք համաձայնություն, որ ստեղծված հանձնաժողովները պետք է հանդիպեին, քննարկումներ ունենային և համապատասխան լուծումների հանգեին: Այդ առաջարկը կրթության նախարարի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք և տեսնենք՝ ինչ արդյունքի կհասնենք, ինչ հետևանքներ կունենանք»,- ասաց Գարեգին Երկրորդը:
Գարեգին Բ-ի խոսքով, իրենք ոչ միայն Ժաննա Անդրեասյանին, այլև իրենց հանրային հայտարարությունների մեջ անդրադարձել են, հստակ արտահայտել են եկեղեցու դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է, մերժելի է մոտեցումը՝ տարրալուծել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ կամ սահմանափակել 1 կամ 2 դասարանում դասավանդելով, որովհետև եթե նման մոտեցում է որդեգրվում, պետք է հստակեցվի նպատակը:
«Այդ առարկայի ուսուցման վերջնանպատակը ո՞րն է, ինչի՞ ենք ուզում հասնել, ի՞նչ ենք ուզում արձանագրել, և մեր համոզումն է, որ այն մեթոդաբանական մոտեցումով, որը ձևակերպումն էր տիկին նախարարի, հնարավոր չէ իրականացնել այն նպատակը, որ մեր կողմից մեր դիրքորոշումներում արտահայտված է:
Մենք առաջարկ ենք բերել, որպեսզի շարունակվեն այդ քննարկումները և փոխընդունելի, ճիշտ լուծման, եզրահանգման հանգենք: Սպասում ենք արձագանքի»,-ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Հարակից հրապարակումներ`
- Ակադեմիկոս. «Հայոց պատմությունն» ու «Հայ եկեղեցու պատմությունը» ազգային նկարագիր ձևավորելու առումով բացառիկ նշանակություն ունեն
- Գևորգ Դանիելյանը՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» դպրոցներում չդասավանդելու մասին
- Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որպես գիտակարգ անկարելի է միաձուլել որևէ այլ առարկայի հետ
- ԿԳՆ-ն հերքում է. հայ եկեղեցու պատմություն առարկան չի հանվի դպրոցներից
- ԿԱԻ փոխտնօրենը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ շահարկումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան