Մեծ պրեմիերա` Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 12-ին և 15-ին տեղի կունենա հռչակավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» երկու գործողությամբ կատակերգական օպերայի առաջնախաղը:
Առաջին բեմադրությունը կայացել է Միլանում 1832 թվականի մայիսի 12-ին։ «Սիրո ըմպելիքը» կոմպոզիտորի ամենափայլուն կատագերգական օպերաներից է, որը հագեցած է հիանալի մեղեդիներով և ունի անսովոր ու հետաքրքիր սյուժե:
Լիբրետոյի հեղինակը Ֆելիչե Ռոմանինն է, ում հետ կոմպոզիտորը բազմիցս համագործակցել է։ Որպես լիբրետոյի հիմք Ռոմանին օգտագործել է կատակերգությունների մեծ վարպետ՝ ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Սկրիբի Վոդևիլը։ Ներկայացմանը մասնակցում են թատրոնի և «Երիտասարդական օպերային ծրագրի» մեներգիչներըը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացման երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, բեմադրող ռեժիսոր և գեղարվեստական հայեցակարգի հեղինակ՝ Օլգա Գուսևա, բեմադրող նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան, խորեոգրաֆ՝ Արա Ասատրյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Ներկայացմանը մասնակցելու են Թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի արտիստները: