Աշոտ Մելիքյան. Պետական մարմինները չեն պատասխանում գրավոր հարցումներին կամ պատասխանում են լղոզված, աղճատված
«Ունեմ մեկ լավ և մեկ վատ լուր»,-«Արմենպրես» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2023 թվականի առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Նրա խոսքով, լավ լուրն այն է, որ եռամսյակում լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել։
«Սա հազվագյուտ եռամսյակներից է, երբ մեր գործընկերները բռնություններից զերծ են մնացել, դրա հետ մեկտեղ նշենք, որ հասարակական-քաղաքական վիճակն էլ լարված չի եղել։ Իսկ վատ լուրն այն է, որ մենք արձանագրել ենք տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի շատ մեծ խախտումներ՝ 49 դեպք»,- ասաց Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով, գնալով պետական մարմիններից տեղեկություններ ստանալը բարդանում է.
«Պետական մարմինները չեն պատասխանում գրավոր հարցումներին, կամ պատասխանում են լղոզված, բոլոր հարցերին չանդրադառնալով, կամ հարցերի էությունը աղավաղելով ու աղճատելով։ Անտեղի հղում անելով պետական գաղտնիքներին՝ մերժում են տրամադրել համապատասխան տեղեկատվություն»,-ասաց նա։
Վերջինս նաև նկատեց, որ Աաստեղ մեծ կապ կարելի է տեսնել կոռուպցիոն ռիսկերի աճի հետ. «Երբ ճնշվում է տեղեկատվության տրամադրումը, պարարտ հող է նախապատրաստվում նաև կոռուպցիայի աճի համար»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն անդրադարձավ նաև տարատեսակ ճնշումների ազդեցությանը, որոնք նույնպես խոչընդոտում են լրագրողների բնականոն աշխատանքին։
«Տարատեսակ ճնշումերի դեպքերը ավելացել են ՝ 16 դեպք՝ նախկին 12-ի փոխարեն։ Դրանք ներառում են դատական պրոցեսները, արհամարհական խոսքն ու վիրավորանքը, ինչպես նաև սպառնալիքները՝ տարբեր պաշտոնյաների կողմից»։
Նրա խոսքով, այս պահին նման դատական գործերի թիվը 8-ն է, որտեղ միայն մեկ դեպքում է կողմերից մեկը գործարար, իսկ մնացած դեպքերում ներկա և նախկին պաշտոնատար անձինք են։
Աշոտ Մելիքյանը, անդրադառնալով ռազմական դրության պայմաններում խոսքի ազատությանն ու տեղեկատվության տրամադրմանը, նշեց.
«Հասկանալի է, որ ռազմական դրության պայմաններում խոսքի ազատությունը պետք է սահմանափակվի, բայց այդ սահմանափակումները պետք է լինեն հստակեցված, քանի որ հակառակ դեպքում դրանք մի շարք կամայականությունների տեղիք են տալիս։
Մյուս կողմից էլ, երբ ԱԺ-ն ընդունեց պետական գաղտնիքի մասին փոփոխությունը՝ տեղեկատվության սահմանափակ տարածման վերաբերյալ, նույնպես պարարտ հող ստեղծվեց ապագա մերժումների համար»։
Կոմիտեի նախագահը վստահ է, որ արդյունքի հասնելու համար պետք է իրենց նախաձեռնությամբ, օրենքի այդ բոլոր նախագծերը ուղարկվեն Եվրոպայի խորհուրդ՝ փորձաքննության, քանի որ, հակառակ դեպքում, ԶԼՄ- ներին վերաբերող օրինագծերը կվատթարանան և կշարունակեն որևէ փորձաքննություն չանցնել։
Ըստ Աշոտ Մելիքյանի, պատշաճ տեղեկատվություն ստանալու խախտումների համար կան մի շարք գործոններ։
«Ցանկանում են՝ որքան հնարավոր է քիչ տեղեկություններ տալ պետական մարմինները, սա ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է։ Մի մասը կատարվում է միտումնավոր, և իհարկե, կան նոր կադրեր, որոնք չեն տիրապետում իրենց աշխատանքին, և չեն հասկանում, որ դա ոչ թե իրենց, այլ հանրային սեփականությունն է»,-ասաց նա՝ ավելացնելով, դա նաև չափից ավելի զգուշավորության և անհիմն վախի հետևանք են, որոնք անպայման պետք է հաղթահարվեն պետական մակարդակով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին