«Դուք ու՞մ եք խոտի տեղ դրել ձեր խոտ հալով». Զոհված զինծառայողի հարազատը՝ Փաշինյանին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները, նրանց հարազատները չեն հավատում, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Կառավարության շենքի դիմաց նրանք այսօր պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ։
«Երեք ամիս է՝ նորություններ չունենք, ինչ պաշտոնական վարկած որ առաջ քաշեց Փաշինյանը, քննիչները դրանով էլ առաջնորդվում են, ու մենք եկել ենք, որ պատասխան ստանանք, թե ու՞ր են մեր երեխեքը։ Մենք չենք հավատում, որ դա դժբախտ պատահար էր, որ մեր երեխեքը զոհվել են, վառվել են, դա արվել ա հատուկ՝ իրենց արածները կոծկելու համար։ Երեխեքս երևի գիտեին նենց բաներ, որ չպիտի իմանային, թող վախեցնեին երեխեքին, որ լուռ մնային, բայց ոչ սենց
Մենք պահանջում ենք Փաշինյանից ու Պապիկյանից, որ մեզ ընդունեն. մենք կորցրել ենք մերը և էլ ոչնչից չենք վախենում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայող Կիրակոսյան Հայկի մայրը։
Ծնողի խոսքով, կառավարության շենքի մոտ գտնվող ոստիկաններից մեկն իրենց ասել է.
«5000 հոգին էլ զոհվեցին, ի՞նչ արեցիք, որ 15-ի համար եք եկել»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան զոհված զինծառայողների հարազատները փակել էին Ամիրյան փողոցն ու բացեցին այն ժամանակ, երբ իրենց առաջարկվեց մեկ ժամից պատասխան տալ հանդիպման պահանջի մասին։
«Մենք՝ մամաներս կողմ չէինք բացելու փողոցը, պապաները ավելի զիջողական էին։ Մեկ ժամն անցել է, բայց ոչ մի նորություն չկա, մենք մեծ ակնկալիքնեիր չունենք, շատ լավ գիտենք մեր ղեկավարներին։ Ցավը, վիշտը մարդկային լեզուն իրենք չեն հասկանում, միայն ուժի լեզուն են հասկանում։ Միակ պատասխանը, որ տվել են մեզ Սևանի մայրուղին փակելիս, եղել է «մենք նպատակահարմար չենք գտնում իրենց հետ հանդիպելու», իսկ նպատաակահարմար էիք գտնո՞ւմ մեր երեխեքին սպանել»։
Մահացած զինծառայողներից Միշա Դումիկյանի հորաքույրը՝ տիկին Թագուհին ասաց՝ համոզված են, որ սա կազմակերպված է, երեխաներին ինչ-որ բան են արել և վառել։
«Ամեն անգամ խաբում են և ոչ մի պատասխան չեն տալիս։ Մենք պահանջում ենք գոնե մարդկային լինեն ու պատասխան տան»,- ասաց նա։
Զոհված զինծառայողներից Գագիկի հորաքույրը՝ Անահիտ Կուրղինյանն էլ վրդովված է, որ տղաների հարազատներին, ծնողներին չեն լսում։
«Դուք ու՞մ եք խոտի տեղ դրել ձեր խոտ հալով, ո՞ւմ եք խաբում, ի՞նչ եք ուզում էս ժողովրդից , 5000 գլուխը կերաք չկշտացաք, 15-ին էլ ձեր ձեռքով վառեցիք։ Ոնց հասկացան՝ որն ո՞վ է, եթե դա արված չէր իրենց ձեռքով։ Մեր երեխեն Գերմանիայից եկավ, որ հայրենիք պաշտպանի, ոչ թե եկավ հայրենիքում իր գլուխը ուտելու համար։ Այստեղ ամեն մեկին իր աթոռն է հետաքրքիր, եթե ինքը մարդ լիներ կմոտենար՝ տեսներ ինչ ցավ ունենք»,-ասաց Անահիտ Կուրղինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները կհանդիպեն Փաշինյանի օգնականին
- «Նիկոլն այն կողմից փախավ». Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները փակել են Ամիրյան փողոցը
- Դիտավորյալ սպանել են երեխաներին և վերջ. Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներ
- Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան