Կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին, հերթը հասել էր մատաղին
Տեր Գաբրիել Վարդանյանը գրում է.
«Ցավալի, բայց յուրօրինակ օրինաչափություն է դարձել իշխող կուսակցության այս կամ այն երեսփոխանից նման բարձրագոչ և իրականությունից կտրված ելույթներ լսելը Ազգային ժողովի ամբիոնից։ Մարդիկ, որոնք իրենց անգործությամբ և սեփական աննահանջ լռակյացությամբ թիզ առ թիզ հայրենիքի սահմանները զավթած իրական թշնամու դեմ պայքարելու փոխարեն ներքին թշնամիներ ման գալուց զատ որևէ գործով չեն զբաղվում, անկոտրում, արդեն հինգ տարի, հայտնի «մուրադի» դեմքով, քննադատում և նույնիսկ ծաղրում են ազգային կառույցներին՝ այդ թվում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Մարդիկ, որոնք պետությունը և իրենց իշխանությունը նույնացնում են, առնվազն չեն կարող օբյեկտիվ դատողություններ անել։ Այսօր ևս բան ու գործ թողած, կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին ու էլ ոչ մի հարցով զբաղվելու կարիք չկար, հերթը հասել էր մատաղին։ ԱԺ ամբիոնից խոսում են մատաղի ավանդույթը «փոխակերպելուն» և ոչ տանում-ոչ բերում քրիստոնեական այս բարեպաշտական սովորությունն արժեզրկելու փորձը ուզում են հիմնավորել ինչ-որ սննդային անվտանգության նորմերի պահպանմամբ, առանց հասկանալու, որ մատաղը միայն սննդի հարց չէ, որ մատաղի բովանդակությունն ավելին է քան սնունդը։ Մատաղի ավանդույթը «փոխակերպելու» փոխարեն, փոխեք իրավիճակը Լաչինի միջանցքում…
Այո՛, հարգելիներս, վերջին տարիներին ազգային ավանդույթների աղճատվածությունը և դրանց տարատեսակ, երբեմն ծիծաղելի մեկնաբանությունը դարձել է սովորական։ Բայց ևս մեկ կարևոր արձանագրում՝ կան ավանդույթներ, որոնք չեն կարող «փոխակերպվել», օրինակները բազում են…
Մեկ ճշմարտություն կա, ազգային արժեքների վրա խարսխված պետականությունն է միայն ունակ տոկալու և գոյություն ունենալու։ Ոչ մի քննադատության չի դիմանա, թերևս այն, որ ազգային ավանդույթները պահող և ապագա սերունդներին փոխանցող կարևորագույն կառույցը եղել է, կա ու կլինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ «Աբու-Լալայի քարավանները, զեփյուռի նման մեղմ օրորվելով, կգան ու կգնան»։
Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին պետք է միասնականություն, միաբանություն և սա է ճշմարտությունը, անկախ նրանից առերեսվո՞ւմ ենք դրան, թե՞՝ ոչ։ Իհարկե, պետք չէ և նույնիսկ քրիստոնեական էլ չէ հավերժական թշնամությունը, բայց հայրենասիրությունը պետք է ցանկացած քաղաքականության և գործունեության խարիսխը լինի։ Ինչպես որոշների համար անհասկանալի կամ նույնիսկ ատելի է թրքատյացությունը, այնպես էլ շատերիս համար անհասկանալի եւ անընդունելի է չափից առավել թրքասիրությունը։ Ցավալի է, բայց կրկին որպես հայ մարդ, երբ անդրադարձ ես ունենում այն բոլոր դժբախտություններին և մարտահրավերներին, որոնք կախված են մեր երկրի գլխին ու տեսնում կառավարող իշխանությունների անհանդուրժողականությունը ներքին ընդիմախոսներին և սիրահոժար, անընդունելի գլխիկորությունը արտաքին թշնամիների հանդեպ, հասկանում ես, որ ներկան անորոշ է, իսկ ապագայի հարցը՝ կասկածի տակ։
Իսկ այս քաոսը կարելի կլինի միայն կարգավորել ազգային ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։ Եկեղեցին և հոգևորականությանը թիրախավորելով, մեկ է՝ չեք փոխի այն սարսափելի աղետը, որի թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն Դուք եք։ Պետք է հասկանալ, որ Հայրենասիրությունը պաթոս չէ, այլ՝ ապրված իրականություն, կենաց չէ, այլ՝ գոյություն։
Այո, ինչպես Հայոց Հայրապետն է բազմիցս կրկնել, մեզ այս օրերին առավել ևս պետք է ազգային միաբանություն և մարտահրավերների հանդեպ միասնական պայքար։ Եվ, քանի որ այս տարին հռչակել եք չարենցյան, պիտի մեջբերեմ մեծանուն հայի հետևյալ միտքը. «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Մեր հայրերը չեն մտածել մեկ կամ երկու տարվա մասին
- Թուրքի և ադրբեջանցու նկատմամբ սեր քարոզող իշխանավորները թքում են սեփական քաղաքացիների վրա բառիս բուն ու փոխաբերական իմաստով. Տեր Վրթանես
- Մեզ համար մերժելի է մոտեցումը՝ տարրալուծել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ. Գարեգին Երկրորդ
- Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի կոչը հայրական հորդոր է, որը ժամկետ չունի. Գարեգին Երկրորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան