Ազատ գյուղում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները Երևանում փողոց են փակել
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։
Նրանք պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
«Բերեք մեր երեխաներին, մենք առողջ երեխաներ ենք տվել ձեզ։ Մենք 18 տարի պահել ենք, առողջ երեխաներ ենք տվել։ Դիտավորյալ սպանել են մեր երեխաներին ու վարչապետը հելավ, երկու ժամ հետո ծածկեց ու դրեց մի կողմ։Այսօր մեզ պետք է ընդունեն Փաշինյանն ու Պապիկյանը։ 15 լույսի նման երեխաներ։ Մենք չենք լռելու։ Երեք ամիս է՝ ուր են, ինչ են անում։ Երեխաները մի բան իմացել են ու սպանել են նրանց»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Մեկ այլ մասնակից ասաց. «Ասում են՝ նպատակահարմար չեն գտնում հանդիպումը։ Բա ո՞ւմ հետ ես նպատակահարմար գտնում։ Գնաս, Ալիևի հետ խոսե՞ս, նոր տարածքներիս տա՞ս, գյուղերը մտնեն ադրբեջանցիները, տեռոր անե՞ն»։
Հիշեցնենք՝ ըստ դատախազության. «2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
- Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա
- Վաշտի կացարանում հրդեհից զոհված զինծառայողներից 8-ի դիակների ԴՏՓ եզրակացությունը ստացվել է
- Փաստաբան. Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները համոզված են, որ հրդեհից առաջ իրենց որդիները ողջ չեն եղել կամ անգիտակից են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան