Արցախում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները
Արցախի Հանրապետությունում մասնակիորեն վերսկսել են պլանային վիրահատությունները՝ խուսափելու համար սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից:
«Հաշվի առնելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակված լինելու և դեղորայքի ու բժշկական պարագաների բնականոն մատակարարման խնդիրների պատճառով Արցախում պլանային բոլոր վիրահատությունները դադարեցվել էին, ինչը հանգեցրել է շուրջ 1,130 վիրահատության չեղարկման:
Շրջափակման 131 օրվա ընթացքում՝ Առողջապահության նախարարության ու բուժհաստատությունների ղեկավարության կողմից որոշում է կայացվել մասնակիորեն վերականգնել պլանային վիրահատությունները: Տվյալ որոշման նպատակն է խուսափել սուր վիրահատական դեպքերի հետագա բարդություններից, և վիրահատական միջամտության են ենթարկվելու միայն առաջնահերթ և բարդացման էական ռիսկով դեպքերը:
Պատասխանատուների կողմից լրացուցիչ ջանքեր են գործադրվել վիրահատությունների սահմանափակ քանակի համար անհրաժեշտ պարագաների որոշակի ծավալի ապահովման ուղղությամբ:
Հարկ է նշել, որ Կարմի խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում միայն այն բուժառուները, որոնց բժշկական օգնությունը հնարավոր չէ կազմակերպել Արցախում՝ հաշվի առնելով անհրաժեշտ բժշկական սարքավորումների և հետազոտությունների իրականացման բացակայությունը»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
Արդեն չորս ամսի ավելի է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
Հարակից հրապարակումներ`
- Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան
- Մհեր Մուսայելյան. Ադրբեջանի կողմից ճանապարհը փակ պահելն ազդում է արցախցիների առողջական վիճակի վրա, վիրահատություններ չեն արվում, դեղորայք չկա
- Արցախում ժամանակավորապես դադարեցվել են պլանային վիրահատությունները. ԱՆ