Թագուհի Թովմասյան. Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ապա այն ստանալու է համարժեք պատասխան
«ԱԺ-ում երեկ տեղի ունեցածը, այո, խայտառակություն էր»,-ՀՀԿ գրասենյակում հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով, կարող են իրեն հակադարձել, որ շատ խորհրդարանում նման բաներ տեղի են ունենում, սակայն որևէ տեղ չեք տեսնի, որ ընդմիջման ժամին անվտանգության աշխատակիցները քաշքշեն պատգամավորներին։
«Ես ուզում եմ հայտարարել, որ ԱԺ նախագահի հրամանն ապօրինի էր՝ մեզ դահլիճից դուրս հրավիրելու վերաբերյալ, երբ հենց ինքը հայտարարեց ընդմիջում, և երկրորդ՝ ԱԺ նախագահի հրամանը կատարողները իրավունք չունեին որևէ կերպ խոչընդոտել պատգամավորների աշխատանքը։ Նրանք պարտավոր են չեզոքացնել վտանգը, մինչդեռ մենք ուղղակի կանգնած էինք, որևէ մեկի անվտանգությանը չէինք սպառնում։ Ստացվում է, որ մենք բախվել ենք շատ կոշտ ապօրինության, և դա պետք է հետևանքներ ունենա»,-ասաց նա։
Նրա խոսքով, ինքը դիմում է ուղարկելու բոլոր ուժային կառույցներին, որպեսզի քրեական պատասխանատվություն կրեն բոլոր այն մարդիկ, ովքեր թույլ են տվել ապօրինություններ։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը ԱԺ-ն փորձում է դարձնել իր սեփական օբյեկտը, անընդհատ անի այն, ինչ ուզում են։ Նման բան չի կարող լինել։ Չեն կարող այդպես շարունակել, քանի որ ինչպես հայտարարեցի, սպառել են իրենց ստելու լիմիտը»,-նշեց նա։
Թովմասյանի խոսքով, ինքը չի պատրաստվում արձագանքել երեկ ԱԺ-ում հնչեած հայտարարություններին, բայց զգուշացրեց.
«Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի սուտ խոսել, ապա այն ստանալու է համարժեք պատասխան։ Մենք այլևս չենք թողնելու, որ նա ստեր հնչեցնի ԱԺ ամբիոնից»։
Հիշեցնենք, որ երեկ Թագուհի Թովմասյանը հայտարարեց՝ քաղաքական ակցիա է իրականացնում ԱԺ-ում և չի հեռանալու ամբիոնի մոտից։ Նրան միացան ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը հայտարարեց ընդմիջում, ընդհատվեց ուղիղ հեռարձակումը, ապա դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի դահլիճից հեռացնեն ընդդիմադիրներին։ Նիստը վերսկսելուն պես նա հայտարարեց, որ նկատողություն է հայտարարվել ընդդիմադիր պատգամավորներին, նրանք երեկվա ընթացքում չեն կարող մասնակցել նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ է, այլ պարոն ստախոս. Թագուհի Թովմասյան
- «ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյան կոչվող խուլիգանը չունի նիստ վարելու կարողություն»
- Տիկին Թովմասյանին չկպնեք. «Աննախադեպ ապօրինություն ԱԺ-ում»
- Ալեն Սիմոնյան. Պետք լինի, կթքեմ
- Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ամբիոնի մոտ ակցիա իրականացրած ընդդիմադիրներին
- Ազգային ժողովում իրավիճակը լարված է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան