Թմրամիջոցների իրացման դեպքով 10 անձ ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամոլության և թմրամիջոցների դեմ պայքարի տարի։
Ոստիկանությունից մանրամասնում են՝ թմրամիջոցների իրացման բազմադրվագ հերթական դեպքը ամբողջացավ ապրիլի 20-ին։ Թմրաշղթայի առաջին օղակը ոստիկանների տեսադաշտում հայտնվեց ապրիլի 5-ին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմքով ձերբակալեցին Երևանի 25-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 0,41 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և ծալովի դանակ:
Դեպքի առթիվ ապրիլի 5-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Շենգավիթի բաժնի ծառայողները քննչական բաժնի աշխատակիցների հետ համատեղ պարզել են, որ 25-ամյա երիտասարդին թմրամիջոցն իրացրել է մայրաքաղաքի 56-ամյա մի բնակիչ։ Նա ապրիլի 7-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալվեց։
Ապրիլի 7-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արտաշիսյան փողոցի՝ 56-ամյա տղամարդուն պատկանող տնակում։ Հայտնաբերվեցին 0,7 գրամ մեթանֆետամին, 0,75 գրամ ափիոն և 280 մլգ մեթադոն տեսակի թմրամիջոցներ:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ պարզվեց նաև, որ 56-ամյա տղամարդուն թմրամիջոց է իրացրել 41-ամյա մի տղամարդ։ Նա ապրիլի 11-ին ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու հիմքով ձերբակալվեց և, իր վարած «Ֆոլքսվագեն» մեքենայով և ուղևորներով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ 41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 6,1 գրամ մեթամֆետամին, իսկ ուղևորների մոտից՝ 2,92 գրամ մարիխուանա և մոխրացած հետքերով ծխամորճ:
Իրավապահների միջոցառումներով պարզվեց նաև 41-ամյա տղամարդուն թմրանյութեր իրացրած անձի ինքնությունը, որը Երևանի 56-ամյա մեկ այլ բնակիչ է։
Բացահայտման աշխատանքներին միացան նաև ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները։
Ապրիլի 20-ին ՔՈԳՎ և Շենգավիթի ոստիկանները, ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների հետ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալեցին 56-ամյա տղամարդուն։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են՝, որ նույն քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն կատարվեց 56-ամյա տղամարդու հետ փոխկապակցված անձի՝ 47-ամյա կնոջ՝ Վաղարշապատում գտնվող բնակարանում։ Արդյունքում հայտնաբերվեցին 366,78 գրամ հաշիշ, 89,13 գրամ ափիոն, 2,11 գրամ մեթամֆետամին թմրամիջոցներ, 4500 եվրո կեղծ թղթադրամներ, ինչպես և թմրամիջոցի հետքերով 3 կշեռք և բազմաթիվ կոլբաներ:
Շարունակելով միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմքով ձերբակալեցին Երևանի 51-ամյա մի բնակչի, ինչից հետո խուզարկվեց նրա՝ Ֆանարջյան փողոցի բնակելի տան հարակից շինությունը․ հայտնաբերվեց 8,38 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց:
Նշված շինության հարակից տարածքում հայտնաբերվեց նաև մայրաքաղաքի 48-ամյա մի բնակիչ, որը նույն կասկածանքով ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,57 գրամ մեթամֆետամին, մոխրացված հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին