Պնդում ենք՝ Արամի 23-Ի հուշարձան-շենքը ոչ թե անզգուշությամբ է վնասվել, այլ դիտավորյալ. Փաստաբան
«Գրեթե հինգ տարի ընթանում է քրեական գործ։ Առաջին օրվանից հատուկ ձգձգվում է, երկու քննիչ փոխելով ի վերջո գործը հասավ Խաչիկ Գալստյանին, ով ակառու ձևով, ինչպես կարող էր, ձգձգում էր հարցը, թեև իմ բազմաթիվ հորդորներին»,- ասուլիսում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը՝ խոսելով Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վնասման կապակցությամբ հարուցված քրեական գործից։
Նրա խոսքով, իհարկե, քննիչ Խաչիկ Գալստյանը միայնակ չէր կարող դա անել, իր վերադասները հանձնարարական են տվել և ինքը հանձնարարականը կատարում է շատ խելացի ձևով։
Տիգրան Հեքեքյանն ասաց, որ գործն էլի առաջ չէր գնա, եթե չներգրավվեին փաստաբան, ով սկսեց խորանալ դետալների մեջ։
«Այսինքն մենք գումար ենք ծախսում, փաստաբան ենք բերում պետության շահերը պահելու համար դատախազությունից, որը քննչական մարմինների հետ միասին փորձում են խեղել, առանձնացնել կարևոր մեղավորներին, նրանք, ովքեր ի զորու են հարցը լուծել։ Պետությանը նեցուկ լինելու կամ պետության ոչ օրինական գործողությունների համար մենք փաստաբան ենք վարձում։
«Հին Երևան» նախագծի տնօրենը՝ պարոն Մաչանյանը, որն էլի պարոն Սերմաքեշի ներկայացուցիչն է, բազում խախտումներով է այդ շինարարությունն իրականացրել։ Օրինակ, տրված է եղել փորել 2 հարկ, իրենք փորում են 3 հարկ ու ասում են, որ դա անզգուշություն է»,- ասաց Հեքեքյանը։
Ասուլիսին ներկա փաստաբան Արթուր Մանուկյանն ասաց, որ Երևանի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-շենքի վնասման դեպքի առթիվ քրեական գործ 4,5 տարի քննվում է, իրենք բազմաթիվ առարկայական ու փաստարկված դժգոհություններ ունեն քննությունից, քննչական մարմնի, դատախազության գործողություններից։
«Տևական ժամանակ պայքարում ենք տարատեսակ ապօրինությունների դեմ»,- ընդգծեց նա։
Փաստաբանի խոսքով, ուսումնասիրելով գործի նյութերը, պարզել են, որ առկա են բազմաթիվ բացեր ու ապօրինություններ. «Վերլուծելով փաստերը՝ պնդում ենք, որ Արամի 23 շենքը ոչ թե անզգուշությամբ է վնասվել, այլ դիտավորյալ, որպեսզի հեշտ ու անխոչընդոտ իրացվի։ Մենք հստակ միտում տեսել ենք, փաստարկված վերլուծություններ ենք ներկայացրել, խնդրել պարզել բոլոր իրադարձությունները, բոլոր մեղավոր անձանց ու քննություն կատարել։
Սակայն մեր միջնորդությունների զգալի մասը մերժվել են, մնացածի մասով էլ ձևական, մակերեսային քննություն է կատարվել ու մեզ համար ավելի ակնհայտ դարձավ, որ ոչ քննչական մարմինը, ոչ դատախազությունը չեն փորձում իրական, օբյեկտիվ խորացված քննություն կատարել։ Կարծես թե նշանակել են մեղավորներ՝ միջին օղակի անձինք, իսկ ավելի բարձր օղակի անձանց նկատմամբ փաստացի քննություն չի կատարել, ոչ էլ որևէ ցանկություն կա քննություն կատարել։
Օրինակ, ես ինքս տեսնում եմ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ։ Մեզ համար անհասկանալի է նախկին պաշտոնատար անձանց կապակցությամբ ինչու խորացված քննություն չի կատարվում։
Մեզ համար անհասկանալի է Երևանի նախկին գլխավոր ճարտարապետին առաջադրված մեղադրանքը պաշտոնեական անփութություն որակելը, երբ որ բազմաթիվ փաստեր խոսում են այն մասին, որ առերևույթ տեղի են ունեցել լիազորությունների չարաշահում»,- ասաց փաստաբանը։
Տիգրան Հեքեքյանի խոսքով, հանրությունը վաղուց պասիվ դիրքում է, հիասթափված է, հուսալքված, կարկամած, շշկռված, շատերը վախեցած։
«Շատ մեծ արվեստագետներ, արտիստներ կուզեին այսօր գալ ու իրենց սրտի խոսքն ասել, բայց ես չեմ ուզում, հանկարծ կարող է վաղը, մյուս օրն իրենց հանդեպ էլ հետապնդում լինի»,- ասաց արվեստագետը։
Տ. Հեքեքյանը նաև նշեց. «Մեր քաղաքն ամենատհաճ քաղաքներից մեկն է։ Ոնց որ գերեզմաններն են իրար մեջ, իրար վրա, իրար տակ, այնպես էլ մեր շենքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Հեքեքյանը քրեական գործի մասին կխոսի վաղը
- Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է
- Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են
- Արամի 23-ի մշակութային հուշարձանի ամրացման սխեման հաստատվել է
- Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի վերականգնման ուղղությամբ որևէ բան չի արվել
- Արամի 23 շենքի վերականգնման պայմանագիրը ստորագրվեց
- Գլխավոր ճարտարապետ. Արամի 23-ի շուրջ աղմուկն ավելի շատ էր, քան պետք էր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան