Ես ընդամենը դրա քարոզիչն եմ. Ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյան
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Թաթոսի (Հրանտ Թադևոսյան) հոբելյանական ցուցահանդեսը: Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի 85-ամյակին նվիրված ցուցահանդեսն ընդգրկում է տարբեր տարիներին վրձնած բնանկարներ, նատյուրմորտներ, կանանց դիմանկարներ և վերացական պատկերներ՝ ընդհանուր 45 ստեղծագործություն։
Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Զառա Դիլանյանի ներկայացմամբ, նկարչի ստեղծագործություններում ակնհայտ է բնության հետ անքակտելի կապն ու արտաքին աշխարհը յուրովի մեկնաբանելու ձգտումը: Նրա արվեստին ներհատուկ է անկեղծությունը, գույների վառ, ազատ ու անկաշկանդ ընտրությունը, որոնք ներդաշնակորեն առկա են առավելապես կոմպոզիցիոն գործերում: Արվեստագետի ստեղծագործական ողջ ժառանգությունը ներկայացնում է մարդու և բնության սերտ փոխհարաբերությունը՝ հագեցած բարության, կենսասիրության և լավատեսության զգացումով։
«Արվեստագետը սկսել է նկարել մանկուց, սակայն սոցռեալիզմի ժամանակաշրջանում՝ 1960-ականներին, չէր կարող շեղվել իր արվեստից, և նա որոշում է տևական դադար վերցնել։ Կրկին սկսում է նկարել 1980-ականներից։ Դրանից հետո բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Զ. Դիլանյանը։
Նա նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված գործերն ընտրել է վարպետի հետ միասին։
«Նրա համար հոգեհարազատ թեմաներն ենք ընտրել՝ ծաղիկներ, բնանկարներ, որոնք իր արվեստի անքակտելի մասն են կազմում, կանանց դիմանկարներ։ Նրա համար կանայք միշտ ներշնչանքի աղբյուր են եղել։ Տարբեր տարիներին նա նկարել է կանանց, նրանց ներշխարհը ներկայացնելով երբեմն հախուռն, ալեկոծ վիճակում, երբեմն մեղմ ու հանգիստ։ Ներկայացված են նաև վերացական արվեստի աշխատանքներ։ Գեղանկարչական մաներայով վերացական աշխատանքներում ցայտուն վրձնահարվածներով միաձուլված են ձևն ու բովանդակությունը, զգացմունքներն ու միտքը։ Վարպետը վրձնել է անիրական իրերի գունեղ, տպավորիչ մի աշխարհ՝ անվանելով դրանք «Կոմպոզիցիաներ»՝ հնարավորություն տալով դիտողին ինքն ընտրել վերնագիրը՝ արտահայտելով իր զգացածն ու նայածը»,- մանրամասնեց արվեստաբանը։
Այսօր Հրանտ Թադևոսյանը ավելի շատ ստեղծում է բնանկարներ. «Նրան կարելի է համարել բնանկարիչ»։
Գեղանկարիչ Սերխաչի խոսքով, Թաթոսն ամենամաքուր գույներով ու երանգներով նկարող արվեստագետներից է։
«Զարմանալի երևակայություն ունի»,- իր արվեստագետ ընկերոջ մասին ասաց Սերխաչը։
Հրանտ Թադևոսյանը Հայաստանի նկարիչների միության, Արվեստի միջազգային ընկերության և Պրոֆեսիոնալ նկարիչների միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ է: Panorama.am-ի հետ զրույցում Հրանտ Թադևոսյան ասաց. «Ես գիտեմ նկարել ու նկարում եմ, ուզում եմ իմ նկարները դիտողները նայեն ու իրենց լավ զգան, իրենց հայերեն զգան, սիրեն բնությունը, գնահատեն, արժևորեն։ Ես ընդամենը դրա քարոզիչն եմ։ Ուզում եմ իմ նկարներով մարդը հաղորդակցվի արվեստի հետ»։
Հարցին՝ այսօր արվեստի, գեղեցիկի հետ հաղորդակցվելու ավելի շա՞տ կարիք կա, արվեստագետը պատասխանեց. «Կրկնապատիկ շատ։ Արվեստից հեռանալը նշանակում է շատ բան կորցնել։ Մեր տեսակն այնպիսին է, որ չենք կարող անտարբեր գտնվել այլ, այլ հասկացողությունների մեջ։ Մշակույթն ինքնին քաղաքականություն է, ինքնին կրթվածություն է, ազգի բնութագիրն է, ազգի տեսակն է, որը պետք է արժևորվի։ Ուզում եմ մարդիկ այդպիսի հայացքով նայեն նկարներին, հաղորդակցվեն ու ամեն ինչ լավ կլինի»,- ասաց Թաթոսը։
«Գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանի կտավները, լինի բնանկար, նատյուրմորտ, բոլորն էլ հայկական արմատներ ունեն, շատ խորը և ինձ շատ հարազատ արմատներ։ Հրանտ Թադևոսյանը եզակի բնանկարիչ է, մեծ արվեստագետ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա կա համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ։ Ես անսահման հպարտ եմ, որ նա իմ ընկերն ու ցեղակիցն է»,- ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։
Իսկ Թաթոսը ստեղծագործելու ընթացքի մասին ասել է. «Ստեղծագործելու պահը երանության նման մի բան է, դու դրախտային իրավիճակում ես, որովհետև այն, ինչ անելու ես, ոչ մեկից կախված չէ, միայն դու ես, քո ներաշխարհը, քո մտածելաձևը, քո վարպետության հնարքները...»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան