«Ժողովուրդ». Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ով է քննելու Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը: Վերջինս քննելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, որը 2022 թվականին ազատվել էր գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից, որտեղ ավագ դատախազ էր, և հետագայում նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը և 2 ամսով երկարեցրել Արզումանյանի կալանքը։ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին և մինչ օրս մնում է կալանքի տակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։