Ո՞վ է Սևանա լճի տերը․ Լիանա Ասոյան
«Բլեջան» ՀԿ-ը քարտեզագրել է ողջ Սևանա լճի ափամերձ հատվածները։ Panorama.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի «Բլեջան» ՀԿ նախագահ Լիանա Ասոյանը տեղեկացրեց, որ քարտեզագրման ընթացքում աննկարագրելի իրականության հետ են բախվել ։
«Քարտեզագրել ենք փնջային, որովետև այլ կերպ անհնարին կլիներ, շատ սեփականատերեր նույնիսկ չկան էլ։ Այսինքն՝ փաստաթղթով կան, բայց իրենց գտնելը դժվար է, քանի որ հասցե չկա։ Պատկերացրեք՝ Սևանի ափերը մոտ 1000 հոգու մեջ բաժանված է և ոչ սիմետրիկ՝ մեկը մյուսի մեջ մտած, ասես՝ խզբզած լինեն։ Նրանց մի մասը որևէ գործունեություն չի ծավալում, մի մասն էլ աշխատում է սեզոնային՝ ամռանն ընդամենը 1-2 ամիս։ Չկա հստակ թիվ, թե այդ 1000-ից քանիսն ունեն սեփականության թուղթ, որն ի դեպ՝ հակաօրինական է, քանի որ լճի ափին արգելված է սեփականության իրավունքով տարածք տրամադրելը»,- նշեց Ասոյանը։
Մեր զրուցակիցն իր խոսքում նշեց, որ պատկան մարմինները պետք է զբաղվեն նման հարցերով։ Իսկ ընհանուր առմամբ՝ Սևանա լճի խնդիրներից խոսելիս Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպության ներկայացուցիչն ասաց՝ լճի «ծաղկմանը» նպաստում են լիճ թափվող աղտոտված ջրերը։ Քանի դեռ այս խնդիրն արդիական է, Սևանա լճի «ապաքինման» մասին խոսք գնալ չի կարող։
«Մեր կենցաղում օգտագործում ենք նյութեր, որոնց բաղադրությունը չգիտենք։ Օրինակ՝ լվածքի միջոցները, նախկինում օգտագործում էին ժավել կամ սև օջառ, իսկ հիմա ամեն ինչի համար նյութ ունենք՝ լվածքը սպիտակեցնող, փափկեցնող, երեխաների համար առանձին միջոցներ և այլ։ Բացի դրանից, նախկինում այսքան հաճախ շոր չէին լվանում՝ շաբաթը մեկ, հիմա մեկ օր են հագնում շորը և լվանում։ Ապացուցված է, որ այս նյութերը բավականին շատ ֆոսֆոր են պարունակում։ Մեր կոյուղիները միացված են գետերին, որոնք թափվում են Սևանա լիճ, հետևաբար՝ կոյուղաջրերի հետ միասին կենցաղային նյութերը ևս հասնում են Սևանա լիճ»,- ասաց մեր զրուցակիցը։
Ասոյանը նշում է նաև գյուղատնտեսական հողերի մշակման հետևանքով առաջացող խնդիրները։ Ըստ նրա՝ շատերը նույնիսկ չգիտեն, թե այս կամ այն պարարտանյութի թույլատրերի նորման որքան է և օգտագործում են հնարավորինս շատ՝ կարծելով, թե բերքը շատ կլինի։ Բայց հողը վերցնում է այնքան, որքան իրեն հարկավոր է, իսկ պարարտանյութերի չարաշահման հետևանքով առաջացած խնդիրները լճի համար անդառնալի հետևանք են ունենում։
Ասոյանի կարծիքով՝ Սևանա լճի ափամերձ շրջաններում ապրող բնակչության շրջանում անհրաժեշտ է իրազեկման աշխատանքներ շատ տանել։
Նրա խոսքով՝ թեև շատ համայնքներում սկսվել է օրգանական գյուղատնտեսությանն անցման գործընթացը, բայց այն բավարար չէ։
Ընդանուր առմամբ՝ Սևանին մոտ և Սևանով ապրողը համոզված է՝ լճի բոլոր խնդիրներին լուծումներ կգտնվեն, եթե լինի Սևանա լիճը փրկելու քաղաքական կամք։
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնն ուսումնասիրել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում
- Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է 15 սմ
- Սևանա լճի մասին օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ պարզաբանում է տարածել ՇՄՆ-ն
- Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունների նախագծին քվեարկածների 75 տոկոսը դեմ են
- «Ford Tranzit» ավտոքարշակը հայտնվել է Սևանա լճի սառած հատվածում
- Սևանա լճում երկարաչանչ խեցգետինը գտնվում է ոչնչացման եզրին
- Սևանա լճից դուրս է բերվել 44 ապօրինի ձկնորսական ցանց