ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նկատմամբ ադրբեջանական հերթական սադրանքը
Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը Եվրամիության ղեկավար կառույցների հետ աշխատանքին զուգահեռ, նաև համակարգում է Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները եվրոպական տասնչորս երկրում, իր գործունեության բնույթով և արդյունքներով պայմանավորված, պարբերաբար հայտնվում է ադրբեջանական հակաքարոզչության, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր պարբերականներում գրասենյակի և դրա նախագահ Գասպար Կարապետյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումն է, որի նպատակը ինչպես նրան, այնպես էլ Եվրոպայում Հայ դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Հատկանշական է, որ Գասպար Կարապետյանին ադրբեջանական իշխանությունները դեռևս տարիներ առաջ հեռակա կարգով դատապարտել են բանտարկության։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում 2023թ․ մարտի 17-ին բելգիական «Le Vif» պարբերականում հրապարակվել է ինքն իրեն քաղաքագիտության դոկտոր և Մերձավոր Արևելքի մասնագետ ներկայացնող Սեբաստիան Բուսուայի՝ բացահայտ ստի ու կեղծիքի վրա հիմնված հոդվածը, որը նպատակ է հետապնդում Հայ դատի Եվրոպայի գրասենյակին ու դրա ղեկավարին մեղադրել կոռուպցիոն գործարքների, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու, այդպիսով, օրինակ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի օգտին բանաձևերի ընդունում ապահովելու մեջ։
Հեղինակը փորձել է ադրբեջանական մտացածին թեզերը կապել վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղ գտած մի կոռուպցիոն սկանդալի հետ, որը կրում է «Քաթարգեյթ» անվանումը։ Այսպես՝ նա օգտագործում է «Արմենիագեյթ» ձևակերպումը՝ հավանաբար հաշվի առնելով, որ «Քաթարգեյթի» մասին հրապարակումները Եվրոպայում մեծ դիտողականության են արժանանում։ Հատկանշական է նաև, որ հոդվածագիրը գրեթե նույնությամբ ցիտել է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հենասյուներից մեկը համարվող Haqqin.az լրատվամիջոցում դեռևս 2018թ․ Գասպար Կարապետյանի դեմ գրված հերթական հոդվածի «պնդումները»։
Եվրոպացի ընթերցողին և եվրոպական քաղաքական շրջանակներին ապակողմնորոշելուն ուղղված և ակնհայտորեն ադրբեջանական հետք կրող նմանօրինակ սադրանքները կանխելու նպատակով Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ձեռնարկել է համապատասխան միջոցներ․ խնդիրը քննարկվել է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի՝ ապրիլի 13-ին կայացած առցանց քննարկման ընթացքում։ Մասնավորապես, նույն՝ “Le Vif” պարբերականում ապրիլի 14-ին հրապարակվել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխան-հոդվածը, որում ամբողջապես մերկացվում և հիմնավորապես բացահայտվում է հրապարակման կեղծ բնույթը, հերքվում են Հայ դատի գրասենյակին և Գասպար Կարապետյանին հասցեագրվող այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք են եվրոպացի պաշտոնյաներին կաշառելը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցելությունները ֆինանսավորելը, Լյուքսեմբուրգի քաղաքացիություն ունենալն ու թաքցնելը, Աֆրիկայից Եվրոպա ադամանդի տարանցման բիզնեսներ ունենալը, Բելգիայի Թագավորությունում ադամանդի վաճառքով զբաղվելը և այլն։
Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան