Պետդումային պատգամավորի ճշմարիտ խոսքերը ցավալի ընդունելով՝ Ադրբեջանի դեսպանատնից հետո Մեջլիսն էլ է բողոք հղել ՌԴ-ին
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Ռուսաստանի խորհրդարանականները համատեղ կկանխեն երկկողմ հարաբերություններին վնասող գործողությունները։ Այս կարծիքը Գաֆարովան հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին ուղարկված նամակում պատգամավոր Օլեգ Մատվեչևի՝ ապրիլի 20-ին հայկական «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում արած հայտարարությունների պատճառով: Այդ մասին Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանն անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Մատվեյչևը, «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, ասել էր, որ Թուրքիային և Ադրբեջանին դուր չեն գալիս Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականին ձեռք բերած պայմանավորվածությունները։ Պատգամավորի խոսքով՝ Բաքուն և Անկարան փորձում են վերսկսել ղարաբաղյան հակամարտության ակտիվ փուլը և ջանում են սադրել հայկական կողմին պատասխան գործողությունների։ Պատգամավորը նաև հորդորել էր Հայաստանին չտրվել ադրբեջանական սադրանքներին՝ պահպանելով փխրուն խաղաղությունը:
Ըստ Գաֆարովայի՝ ռուս խորհրդարանականը պետք է հասկանար, որ նման հայտարարությունները ստվեր են գցում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդական գործունեության վրա։
Ապրիլի 20-ին էլ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է ներկայացրել ՌԴ ԱԳՆ՝ Մատվեչովի հայտարարությունների կապակցությամբ։ Դեսպանությունն անընդունելի է համարել նրա խոսքերը:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զինված ընդհարման արդյունքում խախտվել են համայնքի բնակիչների հիմնարար իրավունքներ. ՄԻՊ
- ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
- ՌԴ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար. Զախարովա
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում. ՌԴ ՊՆ