Իրադրությունը սահմանագծում հարաբերականորեն կայուն է. Արման Սարգսյան
Իրադրությունը սահմանագծում հարաբերականորեն կայուն է։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Անդրադառնալով ապրիլի 23-ին Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի հարակից դիրքերում թշնամու կրակոցից զինծառայողի զոհվելուն, նշեց, որ ադրբեջանցիները միայն Սոթքը չեն թիրախավորում։
«Մենք պետք է հաշվի առնենք իրադրությունը և դրանից բխող գործողություն իրականացնենք։ Նորից եմ կրկնում՝ հարաբերականորեն կայուն է իրադրությունը և որևէ փոփոխության դեպքում կտեղեկացնենք»,- ասաց նա։
Հարցին, թե արդյոք ադրբեջանցիները հետ են քաշվել Տեղ գյուղի դիրքերից, Արման Սարգսյանը նշեց, որ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
«Տեղ գյուղի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը տրամադրվել է, և այդ հատվածում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Որևէ փոփոխություն լինելու դեպքում տեղեկատվություն կտրամադրվի»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ կարո՞ղ են ասել, որ առնվազն Տեղի հատվածում սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, Արման Սարգսյանը պատասխանեց. «Մեծ հաշվով սահմանազատման աշխատանքներն իրականացվում են համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որը զբաղվում է հենց սահմանազատման, սահմանագծման հարցերով: Եվ սահմանապահներ կան այդ հատվածում, և ԶՈւ ներկայացուցիչներ»:
Փոխնախարարը նաև նշեց՝ վստահաբար չի կարող պնդել, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր ագրեսիայի համար. «Պետք է ամեն մեկս մեր տեղում ավելի զգոն լինենք ու ամեն ինչ անենք, որպեսզի յուրաքանչյուր ոք իր աշխատանքը կատարի որակով՝ և կահավորման, և ինժեներական, և ամրաշինական, նաև մեր զորքերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի մարտական դիրքից արձակված հրազենային կրակոցից պարանոցի հատվածում վիրավորում է ստացել նշված զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը։
Ստացած հրազենային վիրավորումից դիրքից հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը մահացել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին