Ադրբեջանցիների նպատակը շատ հստակ է` հայաթափել և տիրանալ Արցախին. Գարեգին Երկրորդ
«Երեկ մենք տեղեկացանք հանցավոր և դատապարտելի այդ գործողության մասին, այդ բռնարարքի մասին, որ ադրբեջանական իշխանությունների կողմից գործադրվում է Արցախի մեր զավակների նկատմամբ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն` անդրադառնալով այն հարցին, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհին։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիների նպատակը շատ հստակ է` հայաթափել Արցախը և տիրանալ Արցախին։ «Մենք դատապարտում ենք նման անմարդկային գործողությունը, որ պարբերաբար իրականացվում է Արցախում ապրող մեր ժողովրդի զավակաց նկատմամբ»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։
Գարեգին Երկրորդն իր խոսքն ուղղելով Արցախի հավատավոր ժողովրդին, նշեց. «Սիրելի արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր` ոգով և կամքով, ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ պետք է կարողանանք դիմագրավել նաև այս փորձությանը։ Մենք հավատում ենք, որ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ պետք է ապահովենք ձեր ազատ, ապահով, անվտանգ ու անկախ կյանքը։ Մնացեք Տիրոջ սիրո ու խաղաղության մեջ»։