Չեմ հոգնելու, շարունակելու եմ պայքարել. Արթուր Վանեցյան
«Մեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր շուրջ 120 հազար հայորդիներ կանգնած են իսկական ցեղասպանության եզրին և դա ուղղակի խոսքեր չեն»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, վերջին շրջանում, հատկապես՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, ամենօրյա ռեժիմով զոհեր ունենք։
«Ի՞նչ պետք է անենք, որպեսզի այլևս երբեք չլինեն ցեղասպանություննե։ Նախ, պետք է հասնենք նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի և դատապարտի Ցեղասպանությունը։ Երկրորդ, ամենակարևորը, որ մենք պետք է անենք, պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, ունենանք անվտանգ երկիր, տնտեսապես զարգացած երկիր, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ հնարավոր է հայ ազգին ցեղասպանել կամ հայ ազգի հետ խոսել ուժի սպառնալիքով»,- նշեց նա։
Արթուր Վանեցյանն ընդգծեց՝ Հայաստանի իշխանությունները սպասարկում են բոլորի շահը, բացի Հայաստանի ու Արցախի։
«21-րդ դարում ունենալ թշնամիներ, փակ սահմաններ, ունենալ պատերազմ, իհարկե, նորմալ չէ։ Բայց մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան ու Ադրբեջանն արդյո՞ք կարող են խաղաղ ապրել մեզ հետ։ Մենք ականատես ենք եղել, որ ադրբեջանցիները սպանում են մարդկանց միայն նրա համար, որ նրանք հայ են. հիշենք Թալիշի դեպքերը, Արցախյան երեք պատերազմների ժամանակ եղած դեպքերը, երբ քաղաքացիական անձանց, տարեցներին սպանում էին բացառապես նրանց ազգային պատկանելիության համար։ Չեմ կարծում, որ այդ մարդկանց հետ կարող ենք ունենալ որևէ հարաբերություն, քանի դեռ Հայաստանը ուժեղ չէ, հզոր չէ և չի կարող ինքն իրեն պաշտպանել, և ամենակարևորը՝ չունի ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ Իշխան Սաղաթելյանը ժողովրդին ապաստամբելու կոչ է անում, հիմա պե՞տք է ապստամբության պատրաստվել՝ հաշվի առնելով սահմանին, Արցախում տիրող վիճակը, Արթուր Վանեցյանն արձագանքեց. «Իսկ ի՞նչ անենք, համակերպվե՞նք, գնանք զոհասեղանի՞ն բոլորս»։
Լրագրողի հարցին՝ այսօր հնչում են կոչեր, ուղերձներ, դրանք կարո՞ղ են նպաստել, որպեսզի նոր ցեղասպանություն տեղի չունեն, նա պատասխանեց. «Կոչեր անելը գործիքներից մեկն է, որը պետք է լինի։
2019 թվականի սեպտեմբերից, երբ հրաժարական եմ տվել իմ զբաղեցրած պաշտոնից, այդ օրվանից մտել եմ ակտիվ պայքարի մեջ և շարունակում եմ պայքարել։ Չեմ հոգնելու։ Իհարկե, կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ կամ հանրության կողմից սպասելի արդյունքներ, ցավոք, չեն գրանցվել, բայց այս իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որպեսզի մնա իշխանության», - ասաց Արթուր Վանեցյանը։
Արթուր Վանեցյանն այլ քաղաքական հարցերի չպատասխանեց, ասաց՝ այսօր այդ օրը չէ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է՝ հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Այսօր այս խորհուրդը եկեք չխախտենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները