Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Բացարձակ անակնկալ չէ Նիկոլի դատարկ «ուղերձը» Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։
Այն մասին, որ նա համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում ծախում է նաեւ մեր քաղաքան կարեւորության, մեր գոյութենական ինքնության, մեր ազգային օրակարգի այս հարցը, վաղուց պարզ էր։
2018-ից մինչև 2020-ի նոյեմբեր ցեղասպանության հարցը ֆորմալ մնացել էր Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, սակայն դեկլարատիվ ծխածածկույթի ներքո այն հետեւողականորեն մոռացության էր մատնվում։
Որպես օրինակ հիշեք Նիկոլի մինչպատերազմյան պաշտոնական ելույթները ՄԱԿ-ում եւ միջազգային այլ հարթակներում։
44-օրյա պատերազմից հետո Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը դարձավ տեսանելիորեն առավել «առեւտրային», չորրորդական, իներցիոն։
Փաշինյանի այսօրվա «ուղերձը» թուրքական պաշտոնական քարոզչության մի արտանետվածք է։
Նրանում չկան ոչ միջազգային ճանաչման գերակայությունը, ոչ Թուրքիային սեփական պատմությանն առերեսելու հրամայականը, ոչ էլ զուգահեռներ Արցախի 120 000 հայության դեմ այսօր ծավալվող նախացեղասպանական թուրք-ադրբեջանական գործողությունների գնահատականը։
Չար հեգնանք է Նիկոլի կատարմամբ պետական ինստիտուտների կարեւորության մասին թեզը, քանզի մի կողմից նա ջանք չի խնայում վերացնելու Արցախի պետականության գաղափարը եւ հետեւողականորեն քայքայում է Հայաստանի պետականությունը, իսկ մյուս կողմից տարածում «պետության» չԱզգային, նեոլիբերալ քաղաքացիական թեզը։
Նիկոլը ոչ հիշում է, ոչ պահանջում։
Նիկոլը ջուր է դարձնում հայերիս արյունը՝ անկախ նրանից, թե այն երբ է թափվել. 1915-ին, 1988-1994-ին, 2016-ին, 2020-ին, թե այլ ժամանակ։
Հ.Գ. Չեմ զարմանա, որ պարզվի. Նիկոլի այսօրվա տեքստը համաձայնեցվել է Էրդողանի նախընտրական շտաբի հետ»։
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ.
Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է, մեր պատմության, անցյալի և ապագայի մասին մտածելու մի բացառիկ օր: Ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները, կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները:
Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար: Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերվում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից:
Պետությունը, միայն զարգացած և ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ:
Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետևյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու և զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելևս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով:
Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետև միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն և բարեկեցություն:
Սիրելի՛ ժողովուրդ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի առաջ և խորհում ենք անցյալի, ներկայի և ապագայի մասին: Եվ սա անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան