Մոսկվան անընդունելի է համարում ցանկացած միակողմանի քայլ, որը խախտում է եռակողմ հայտարարության հիմնական դրույթները
Բաքուն և Երևանը պետք է վերադառնան ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման փաստը։
«Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերաբերյալ։ Ծայրահեղ մտահոգությամբ արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց հետևանքով երկու կողմից պարբերաբար զոհեր են լինում»,-ասված է Գերատեսչության հաղորդագրության մեջ։
ՌԴ- ԱԳՆ-ում Ադրբեջանում և Հայաստանում ագրեսիվ հասարակական հռետորաբանության աճ են արձանագրել։
Մոսկվան անընդունելի է համարում ցանկացած միակողմանի քայլ, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, ներառյալ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի փոփոխությունը։
«Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի և խոչընդոտներ չպետք է ստեղծվեն նրանց կենսագործունեության համար»,-հավելել են ԱԳՆ-ում։
Նախարարությունը հույս է հայտնել, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կցուցաբերեն և կկարողանան հաղթահարել գործընթացների բացասական դինամիկան։
Նախօրեին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը Հայաստանի հետ սահմանին անցակետ է տեղադրել Ստեփանակերտ տանող ճանապարհի սկզբնամասում՝ Լաչինի միջանցքում։ Բաքվում այս որոշումը բացատրել են անվտանգության սպառնալիքներով, ինչպես նաև հայկական կողմից ճանապարհի ապօրինի օգտագործումով։ Հայաստանը հայտարարել է, որ դա 2020 թվականի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը
- ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադելու դեպքի վերաբերյալ
- «Սա անցակետ չէ, սա կողպեք է Արցախի վրա»
- Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը` անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին