Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ առաքելությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները.Արթուր Խաչատրյան
«Ապրիլի 23-ին՝ հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին, Ադրբեջանի ահաբեկչական ռեժիմը դավադրաբար փակեց Հակարի կամուրջը՝ խորացնելով Արցախի շրջափակումը»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորի խոսքով՝ իրավիճակը ճգնաժամային է հատկապես Շուշիի շրջանի գյուղերում, քանի որ վերջիններս կտրվել են Հայաստանից և Արցախից:
Հայտնելով, որ Ադրբեջանի հերթական թշնամական գործողությունը ի ցույց է դնում նրանց իրական մտադրությունը՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ նրանց նպատակն է հայաթափել Արցախը, իր պատմական հայրենիքում բնակվող քաջարի արցախցիներին պարտադրել լքել իրենց բնօրրանը:
«Սակայն թուրք-ադրբեջանական հանցախմբի նպատակը միայն Արցախի հայաթափումը չէ: Ադրբեջանն այժմ թիրախավորում է Հայաստանի Հանրապետությունը՝ սպառնալով մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և նույնիսկ՝ որպես անկախ պետականություն մեր գոյությանը»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը::
Նշելով, որ ինչպես Հայաստանն է համարվում Արցախի անվտանգության երաշխավորը, այնպես էլ Արցախն է համարվում Հայաստանի անվտանգային համակարգի հենասյունը՝ Խաչատրյանը հավելեց. «Ցավոք, Հայաստանի իշխանությունները չունեն այդ գիտակցումը: Ադրբեջանը լկտիացել և փակել է Քաշաթաղի միջանցքը, երբ ՀՀ իշխանություններն իրենց փաստացի օտարեցին Արցախից՝ հայտարարելով, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցեն միմյանց հետ, իսկ Հայաստանն այնտեղ անելիք չունի:
Այսօր՝ այս ճակատագրական պահին, մենք պետք է վերահաստատենք մեր աջակցությունը հերոսական Արցախին: Հայաստանը չի կարող լոկ փաստացի արձանագրողի դեր ստանձնել, երբ ցեղասպանվում են մեր հայրենակիցները: Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, իսկ վերջանական կարգավորումը պետք է հիմնված լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Մենք կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ առաքելությանը կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապահովել Հայաստանի և Արցախի միջև անխափան կապը և գործուն միջոցներ ձեռնարկել հետագայում նման ոտնձգությունները կանխելու ուղղությամբ»:
Ընդդիմադիր պատգամավորը նաև կոչ հղեց միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրելու ադրբեջանական ռեժիմի վրա՝ պահանջելով վերացնել Արցախի շրջափակումը և հարգել իր ճակատագիրը տնօրինելու Արցախի ժողովրդի իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
- «Նեմեսիս» գործողությունը հայ ժողովրդի արժանապատվության, արդարադատության գործողություն էր. Գեղամ Մանուկյան
- Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումն ունի իշխանական որոշակի հովանավորչություն. Արծվիկ Մինասյան
- ԱԺ-ն հրատապ կարգով կքննարկի ու կքվեարկի զենքի շրջանառության մասին նախագծերի փաթեթը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին