«Հրապարակ». Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ է ստեղծվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից Հակաճգնաժամային խորհուրդ, և հաստատվել է խորհրդի կանոնադրությունը: Նոր կառույցը, ըստ կանոնադրության՝ ձեւավորվել է պետական իշխանության և հանրային շրջանակների միջև ճգնաժամային իրավիճակների հաղթահարման նպատակով։
Հիշեցնենք, որ խորհրդի ձեւավորման պահանջով անցած ամիսներին հանդես էր գալիս ՀԿ սեկտորի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը, որին Արցախում համարում են սորոսական թեւի ներկայացուցիչ: Վերջինս ընդգրկված է խորհրդի կազմում, եթե չասենք, որ նա է ղեկավարում այդ խորհուրդը։
Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով է Ա. Հարությունյանն ընդառաջել:
Արցախում Տիգրան Պետրոսյանին համարում են Նիկոլ Փաշինյանի խոսափողը եւ չհրապարակված ծրագրերի իրականացնողը։ Տիգրան Պետրոսյանը նախօրեին պետք է մասնակցեր է նաեւ ԱՀ նախագահի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին:
Սակայն նրան հրավիրելու փաստն այնպես է հունից հանել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին, որ նա բացատրություններ է պահանջել նախագահից, թե ինչ կարգավիճակով եւ իրավունքով է Պետրոսյանը մասնակցելու այդ նիստին և ինքն է հրաժարվել մասնակցել: Մոսիյանի կռիվը ոչ այնքան անձի դեմ է եղել, որքան այն բանի, որ ՀՀ իշխանությունների «աչքն ու ականջը» Արցախում մասնակից չդառնա նեղ կազմով քննարկումներին եւ ինֆորմացիան չհասցնի Երեւան։
Երեկ մեր բազում փորձերը՝ կապվել Արթուր Մոսիյանի և Տիգրան Պետրոսյանի հետ, անհաջողության մատնվեցին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան