Տղամարդը կոտրել է հարյուրավոր նոթբուքեր և վեբ-տեսախցիկների միջոցով գաղտնի հետևել մերկ կանանց
Անգլիայի Մեծ Մանչեսթեր նահանգի Ուիգան քաղաքից երեք երեխաների հայր 60-ամյա Քրիստոֆեր Թեյլորը կոտրել է հարյուրավոր նոութբուքեր և տարիներ շարունակ վեբ-տեսախցիկների միջոցով հետևել կանանց:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, տղամարդն իր այդ գործունեությունը սկսել է 2010 թվականից։ Նա հղումներ է տեղադրել պոռնոգրաֆիկ կայքերում և լիարժեք հասանելիություն ստացել դրանց վրա սեղմած օգտատերերի նոթբուքերին և համակարգիչներին ամբողջ աշխարհում։ Թեյլորը գաղտնի հետևել է կանանց և ձայնագրություններ արել, երբ նրանք մերկանում էին կամ սեռական հարաբերություն ունենում։
Վեց տարվա հանցավոր գործունեության ընթացքում տղամարդուն հաջողվել է կոտրել 772 մարդու սարքավորում և հավաքել իր զոհերի մոտ 80 հազար նկար և տեսանյութ։
2016 թվականին Թեյլորի կողմից ստեղծված վիրուսը հայտնվել է ԱՄՆ-ի Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողի նոթբուքում: Այն հայտնաբերել են դպրոցի լրտեսող ծրագրերը, և նրա աշխատակիցները կատարվածի մասին հայտնել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI)։
Հետաքննությունը բյուրոյի աշխատակիցներին տարել է Թեյլորի մոտ։ Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել տղամարդու տանը, որի ընթացքում նրա համակարգչում հայտնաբերվել են զոհերի բազմաթիվ մերկ լուսանկարներ և տեսանյութեր։
Թեյլորը ձերբակալվել է։ Ամերիկյան իրավապահ մարմինների ներկայացուցիչները պահանջել են նրան արտահանձնել ԱՄՆ, որպեսզի նա դատարանի առաջ կանգնի էլեկտրոնային կապի միջոցների օգտագործմամբ խարդախության և համակարգչային տեղեկատվության ոլորտում խարդախության համար:
Այնուամենայնիվ, հայցը մերժվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի դատարանը որոշել է՝ դա «բացասաբար կանդրադառնա» Թեյլորի հիվանդ կնոջ վրա, որին նա խնամում էր: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել 2022 թվականի վերջին՝ նախնական հետաքննությունից գրեթե յոթ տարի անց։
Թեյլորն իրեն մեղավոր է ճանաչել սարքեր ապօրինի մուտք գործելու մեջ։ Նա նաև խոստովանել է, որ պահում է զոոֆիլիայի հետ կապված ֆայլեր ։ Ապրիլի 18-ին նրան դատապարտել են մեկ տարի 2 ամիս ազատազրկման։
Նշվում է նաև, որ հանցագործի մոտ ախտորոշվել է Ասպերգերի համախտանիշ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները