Ավետ Ադոնց. Այսօր ակնհայտ զգացվում է ամուր հայրենիքի անհրաժեշտություն
«Կա հայկական աշխարհ և, Աստված մի արասցե, որ մենք զրկվենք դրանից»,- «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը։
Ըստ նրա, հայկական աշխարհի ձևաչափը Հայաստան-Սփյուռք-Արցախն է, այդ ձևաչափում իր կարևորագույն, ամենամեծ դերն ունի Հայ Առաքելական եկեղեցին։
«Այս եռանկյունին կամ քառանկյունը ձևավորում է հայկական աշխարհ աշխարհագրությունը, որն անհրաժեշտ է նաև լցնել համապատասխան բովանդակությունով։ Իսկ բովանդակությունը պետք է սահմանվի ըստ ազգային շահերի, որոնք պետք է սահմանի հայկական աշխարհի մայրաքաղաքը կամ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը։ Առանց բովանդակության, իդեալոգիայի, անձամբ ես չեմ տեսնում հայկական աշխարհի հեռանկարները լավ իմաստով»,- ասաց դիվանագետը։
Ա. Ադոնցը նշեց, որ համաձայն չէ այն գաղափարի հետ, որ հայկական աշխարհը պետք է սահմանափակվի հենց այդ ծրագրով, որը ներառում է մեր ազգային շահը, այլ՝ հայկական աշխարհը պետք է ակտիվ մասնակից նաև միջազգային ինտեգրման գործընթացներին՝ միաժամանակ պահպանելով մեր հայկական ինքնությունը։
«Առանց ազգային ինքնության՝ մենք կկորցնենք թե հայկական աշխարհը, թե մեր տեղն ու դերը ոչ միայն մարտահրավերներով լի տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Հայկական աշխարհի բովանդակությունը պետք է բխի ազգային շահերից, որը պետք է սահմանի Հայաստանի Հանրապետությունը, դրա հետ մեկտեղ լինի ինտեգրված բոլոր միջազգային գործընթացներին»,- ասաց նա։
Ադոնցի խոսքով, այս ամենը շատ հասցեագրված, ճիշտ ուղղորդելու, զարգացնելու համար այսօր ակնհայտ զգացվում է ամուր հայրենիքի անհրաժեշտություն։
«Ի՞նչ է նշանակում ամուր հայրենիք։ Դա ամուր պետությունն է, որտեղ հասարակությունը հասկանում է պետության ու պետականության կարևորությունն ու անհարժեշտությունը, հատկապես այսօր ակնհայտ պետք է ընդգծված լինի պաշտպանության, անվտանգության ամրությունները։ Այս ամրությունները ձգելու, ուժեղացնելու անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, իսկապես կուզեմ, որ այս ամրությունները դառնային մեր իշխանությունների ծրագրի կարմիր թելը, սակայն այսօր ես դրանք չեմ տեսնում»,- ասաց Ավետ Ադոնցը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում