Փաստաբան. Միքայել Արզումայանի գործով պետք է հարցաքննվեն առնվազն 161 վկաներ, ինչի համար մի քանի տարի ժամանակ է պետք
ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի Փաստաբան Երեմ Սարգսյանը գրում է.
«ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրեց ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը։
Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, դա այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է ՊԲ հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ կարող է խոչընդտել գործի քննությանը։
Նշեմ, որ Միքայել Արզումանյանն արդեն շուրջ 8 ամիս կալանքի տակ է պահվում հենց այդ հեղինակության համար։ Որևէ այլ հիմնավորում երբևէ չի ներկայացվել։
Ի հակառակ դրա, նշեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով շատ հստակ սահմանված է, որ եթե քննության սկզբնական փուլում անձին իր նախկին պաշտոնեական դիրքով պայմանավորված կարելի է պահել կալանքի տակ, ապա երբ քննությունը զարգանում է և հիմնական ապացույցները հավաքվում են, ապա այլևս անթույլատրելի է բացառապես այդ հիմքով նրան երկարատև կալանքի տակ պահելը։
Պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց, որպեսզի Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեն տնային կալանքը՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով, գրավը և բացակայելու արգելքը միասին, որոնք միանշանակ ի զորու են բացառել հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը, որը դրևսորելու ցանկություն Միքայել Արզումանյանը երբեք չի էլ ունեցել, սակայն այդ միջնորդությունը ևս մերժվեց։
Ընդգծեմ, որ սույն քրեական գործով դատարանում պետք է հարցաքննվեն առնվազն 161 վկաներ, ինչի համար մի քանի տարի ժամանակ անհրաժեշտ կլինի և ակնհայտորեն այդ ժամկետում Միքայել Արզումանյանը կալանքից պետք է ազատ արձակվի, ուստի ներկայումս կալանքի ժամկետի երկարաձգումն այս առումով ևս առավել քան անհիմն էր»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան