Չեմպիոներին հուզում են ոչ միայն հաղթանակները, այլև սխալները
«Իմ մրցելույթները կգնահատեմ լավ, քանի որ այս առաջնությանը շատ լավ էի պատրաստվել՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես»,- «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփմանը ներկա էին նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, նույն հավաքականի մարզիչ Էդգար Ենոքյանը, Վազգեն Թևանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը, Արսեն Հարությունյանի մարզիչ Արշակ Հայրապետյանը և Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը։
Հավաքականի գլախվոր մարզիչը նշեց, որ իրենք կարող էին այլ մեդալներ ևս ունենալ, սակայն այս անգամ չստացվեց, իսկ թե ինչու, դեռ չեն հասցրել մանրամասն վերլուծել և գտնել պատճառները։
Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը նշեց, որ ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստ է եղել Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնությանը, որի ընթացքում երրորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։
«Կառանձնացնեմ եզրափակիչ գոտեմարտը: Ինքս ինձ պետք է ապացուցեի, որ կարող եմ նրան հաղթել, քանի որ այս առաջնությունից հետո քաշային կարգս փոխելու եմ` տեղափոխվելու եմ 57 կգ: Եվ մրցակիցս էլ այդ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն է»,-ասաց նա։
Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է մասնակցել միջազգային մրցաշարի, որտեղ էլ հանդես կգա նոր քաշային կարգում։
Արսեն Հարությունյանի անձնական մարզիչ Արշակ Հայրապետյանն իրենց հաղթանակը համարում է միասնական լինելու ու միմյանց վստահելու արդյունք։
«Մեր հաջողության գրավականը միասնական աշխատանքն է՝ թե՛ մարզիկների և թե՛ մարզչական կազմի։ Հավատալով իրար՝ ունենցանք հաղթանակ, քանի որ մենք վստահում ենք իրար, ամեն հարցով կիսվում, բացերը լրացնում և այժմ ունենք այն ինչ ունենք»,- ասաց մարզիչը։
Ասուլիսի մյուս բանախոս, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վազգեն Թևանյանը նշում է, որ իր նվաճած ոսկե մեդալը երկար սպասված էր, քանի որ մի քանի տարի չի կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնություններին:
«Ընդհանուր առմամբ ունեցա 4 գոտեմարտ: Չնայած նրան, որ հաղթանակը կա՝ կան նաև սխալներ, որոնց վրա պետք է աշխատեմ: Եզրափակիչ գոտեմարտում վստահության կար»,- ասաց մարզիկը:
Խոսելով ընկերների հաջողությունների մասին, մարզիկն ասաց, որ դրանք իրեն շատ են ուրախացնում։
«Շատ կարևոր է մեր ազգի համար, որ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հայ մարզիկները մեդալներ են նվաճում և չեմպիոն դառնում»,-ասաց նա:
Նշենք նաև, որ Վազգեն Թևանյանի առաջիկա պլաններում են աշխարհի առաջնությանը մասնակցելը և Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը:
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ․ Վազգեն Թևանյանը եզրափակչում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան