Իմ առաքելությունն է ժողովրդին ճշմարտությունն ասելը, իսկ ճշմարտությունն այն է, որ այս իշխանությունը չարիք է. Աջապահյան
Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե եթե եկեղեցու հարաբերությունները իշխանության հետ վատ են, ուրեմն վատ են եկեղեցու հարաբերություններն Աստծո հետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որակել է խիստ մանիպուլատիվ, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է, որ այդ ելույթն ուղղված էր այն լսարանին, որն այդ մարդուն վերածել է կուռքի։
«Այնպես չէ, որ նոր հայտնվեց Պողոս Առաքյալի այդ տողը և ժողովրդի աչքերը բացվեցին, հասկացան, որ ամեն իշխանություն Աստծուց է։ Բացարձակ ճշմարտություն է, որ ամեն իշխանություն Աստծուց է, բայց Աստծուց եղած ամեն ինչ չէ որ օրհնություն է, երբեմն պատիժ է, երբեմն՝ խրատ։ Այս իշխանությունը, այո Աստծուց է, բայց որպես անեծք և պատիժ՝ մեր գործած սխալների համար, որ մենք չկարողացանք տարբերել ճիշտը սխալից, ազգային օգուտը՝ վնասից, և այս իշխանությունը՝ իբրև մահակ Աստծո ձեռքին, իջնում է մեր ժողովրդի գլխին՝ մեր գործած մեղքերի համար»,- ասում է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանի գնահատմամբ ապրում ենք ոչ թե դեմոկրատիայի պայմաններում, այլ՝ օխլոկրատիայի։ Դեմոսը գիտակից քաղաքացին է, որի համար ոչ թե իր բարեկեցությունն է կարևոր, այլ՝ երկրինը, օխլոսի համար գլխավորը իր բարեկեցությունն է. պետություն կարող է և չլինել, դրոշ կարող է չլինել։ Հիմա օխլոկրատիայի պայմաններում, երբ մեծամասնության համար փողոցի ասֆալտն է կարևոր, քան այն, որ Շուշին մերը լինի, այսպիսի իշխանություն ունենալը խիստ ընկալելի է դառնում։
Շիրակի թեմի առաջնորդն ընդգծում է՝ չի կարելի հնազանդվել այն իշխանությանը, որ դրժում է Աստծո պատվիրանները։
«Առաջնորդ լինելով իմ առաքելությունն է ժողովրդին ճշմարտությունն ասելը՝ անկախ նրանից ժողովուրդը պատրաստ է դա ընկալել, թե ոչ, իսկ ճշմարտությունն այն է, որ այս իշխանությունը չարիք է»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Աստվածաբանի հայտնությունը
- Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»․ Արարատ քահանա Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան