«Հրապարակ». Ինչու են Իշխան Զաքարյանի բացակայությունների վրա աչք փակում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած և անկախ, բայց իրականում իշխանության հովանու ներքո գործող պատգամավորի կարգավիճակ ունեցող Իշխան Զաքարյանը տևական ժամանակ է՝ բոյկոտում է ԱԺ նիստերը: Անցած սեպտեմբերից Զաքարյանը խորհրդարան ոտք չի դրել, սակայն իշխող մեծամասնությունը, ինչպես նաև ԱԺ ղեկավարությունը, աչք է փակում նրա բացակայությունների վրա, այն դեպքում, երբ ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով ամիսներ առաջ փորձում էին զրկել մանդատից։ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը ձևակերպում է պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը.
«Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում Խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»: Պատգամավորի բացակայությունները համարվում են հարգելի, եթե առողջական խնդիրներ ունի և բժշկի թուղթ է ներկայացնում խորհրդարան՝ հիմնավորելով փաստը։
Ճիշտ է` մի քանի ամիս առաջ Զաքարյանը սրտի վիրահատություն է տարել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում նա` որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, շրջագայությունների է մեկնել Թուրքիա, որտեղից պարբերաբար լուսանկարներ և հաղորդագրություններ է տարածում:
Մեկ շաբաթ առաջ էլ Զաքարյանը հանդիպել էր սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Թերևս սա էլ է մտնում իշխանությունների ծրագրերի մեջ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Դրանով է բացատրվում այն, որ Զաքարյանի բացակայությունների վրա աչք են փակում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան