Վրացական ավիաընկերության աշխատակիցները տարհանվել են Սուդանից
Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ վրացական Myways Airlines ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնել Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Սուդանից իր աշխատակիցներին տարհանելու համար։
«Մենք ցանկանում ենք ձեզ հետ կիսվել մեր աշխատակիցների վիճակի մասին վերջին նորություններով։ Այսօր նրանք արդեն Կահիրեում են, որտեղ կհանգստանան, այնուհետև կտեղափոխվեն Վրաստան»,- հայտնել են ընկերությունից։
Նշենք, որ նախօրեին արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ավարտվել է Սուդանից Վրաստանի քաղաքացիների տարահանման առաջին փուլը, Խարթումում գտնվող քաղաքացիները տեղափոխվել են Սուդան-Եգիպտոս սահման՝ չեզոք գոտի։
Հարկ է նշել, որ ավիաընկերության 13 աշխատակիցներ էին գտնվում Սուդանում։
Հիշեցնենք՝ Սուդանում զինված հակամարտությունը սկսվել է ապրիլի 15-ին։ Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժեր» կիսառազմական խմբավորման միջև իշխանության համար բախումները շարունակվում են։