Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրիլի 27 կմեկնարկի սպորտային մարմնամարզության առանձին գործիքներից աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մրցաշարին հայտավորված են 39 երկրների ավելի քան 130 մարզիկ-մարզուհիներ: Խաղարկությունը բավականին ներկայացուցչական կազմ է հավաքել: Մասնակիցների թվում են աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական խաղերի և գավաթի խաղարկությունների մեդալակիրներ: Այնպես որ, պայքարը չափազանց թեժ է լինելու:
Բացառություն չի լինի որակավորման փուլը, քանզի յուրաքանչյուր մրցաձևում միայն ութ արժանիները կմտնեն եզրափակիչ փուլ՝ լավագույն ութնյակ: Այստեղ արդեն մասնակիցները մրցավեճի կբռնվեն ազնիվ մետաղներից ձուլված մրցանակների համար:
Հայաստանից մրցավայր է մեկնել հետևյալ քառյակը. Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան:
Մարզիչներն են Աշոտ Գասպարյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը այս դեպքում նույնպես ընդգրկված է մրցավարական հանձնախմբում:
Գավաթի խաղարկությունը վարկանիշային է և աչքի ընկածները կարժանանան աշխարհի առաջնության մասնակցի ուղեգրի:
Հավելենք, որ Բելգիայում սեպտեմբերին է նախատեսված աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակիցները կպայքարեն «Փարիզ-2024»-ի ուղեգրերի արժանանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան