Բելգիան համաձայնել է բանտից ազատել իրանցի դիվանագետին
Բելգիան և Իրանը պայմանավորվել են ազատ արձակել իրանցի դիվանագետ Ասադուլլահ Ասադիին, ով պատիժ է կրում բելգիական բանտում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին չորեքշաբթի օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։
«Երկրները համաձայնագիր են կնքել գերիների փոխանակման վերաբերյալ: Մենք դիմել ենք Ասադուլլահ Ասադիին բանտից ազատելու համար: Հուսով ենք, որ փոխանակումը շուտով կկայանա»,-Սեթայեշիի խոսքերն է մեջբերում Tasnim-ը:
Բրյուսելում դիվանագիտական հավատարմագրում ունեցած Ասադուլլահ Ասադին 2021 թվականի փետրվարին բելգիական դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ Ֆրանսիայում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով։ Դատական լսումների ժամանակ մեղադրանք էր առաջադրվել, որ իրանցի դիվանագետը և նրա երեք հանցակիցները, իբր, մտադիր են եղել ռումբ պայթեցնել Փարիզի մոտ ԱՄՆ-ի կողմից աջակցվող հակահեղափոխական ընդդիմադիր խմբավորման՝ Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության անցկացրած ցույցի ժամանակ։ Ինքը՝ Ասադին, հերքել է բոլոր մեղադրանքները, հրաժարվել է մասնակցել դատական նիստերին, իսկ դատավճռի կայացումից հետո չի բողոքարկել դատարանի որոշումը՝ որպես իր վարքագծի պատճառ նշելով դիվանագիտական անձեռնմխելիությունը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանից Հայաստան արտահանումն աճել է 60%-ով
- Բրիտանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ
- Իրանը պլանավորել է նավթաքիմիական արդյունաբերության արտադրության ծավալը հասցնել 95 մլն տոննայի