Թուրքիան 130% մաքսատուրք է սահմանել ցորենի, գարու և եգիպտացորենի ներկրման համար
Թուրքիան մայիսի 1-ից 130 տոկոս մաքսատուրք է սահմանում ցորենի, գարու և եգիպտացորենի ներկրման համար: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրած համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարական տեղեկագրում:
Փաստաթղթի համաձայն՝ բացառություն է արվում Սինգապուրի համար, որի որոշ ապրանքների համար կկիրառվի 16,2 տոկոս մաքսատուրք, իսկ Բոսնիայի համար պահպանվել է զրոյական դրույքաչափը։
Ուկրաինական «Տնտեսական ճշմարտություն» հրատարակության համաձայն՝ Թուրքիան Ուկրաինայից ցորենի և գարու ամենախոշոր գնորդն է։ Երկրի պետական մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականի առաջին եռամսյակում Թուրքիան եղել է ուկրաինական ցորենի ամենախոշոր գնորդը՝ այն ներմուծելով 168,8 մլն դոլարով (իր ընդհանուր արտահանման 17,7%-ը)։
Հիշեցնենք, որ Լեհաստանը և Հունգարիան, տեղի ֆերմերների բողոքի ֆոնին, հայտարարել են ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների ներմուծման դադարեցման մասին, որոնք եվրոպական շուկա են մտնում առանց մաքսատուրքերի։
Այնուհետև Սլովակիան հայտարարեց Ուկրաինայից հացահատիկի և այլ առանձին ապրանքների ներմուծման դադարեցման մասին, հաղորդվեց նաև, որ Բուլղարիան նույնպես դիտարկում է ուկրաինական հացահատիկի ներմուծման ժամանակավոր արգելք սահմանելու հնարավորությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին