Բարեբախտաբար Հայաստանը շարունակում է մնալ կարմրուկի հանդեպ էլիմինացված երկիր. Գայանե Սահակյան
Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը։ «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը։
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի այն մեկնարկել է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։
2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը կարևոր է», «Ժամանակը կարևոր է»՝ նպատակ ունենալով արժևորել լիարժեք և ժամանակին իրականացված պատվաստումների դերն ու նշանակությունն անձի առողջության և բարեկեցության համար:
Գայանե Սահակյանը նշեց, որ պատվաստումների շնորհիվ՝ մի շարք վարակիչ հիվանդություններ այլևս սպառնալիք չեն։ «Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը։ Կան հիվանդություններ, որոնք վերացման շեմին են՝ պոլիոմիելիտը, կարմրուկը, կարմրախտը, դիֆթերիան, վիրուսային հեպատիտ Բ-ն։ Այս ամենին հնարավոր եղավ հասնել պատվաստումների շնորհիվ։ Ամբողջ աշխարհում եկել են այն եզրահանգման, որ պատվաuտումների միջոցով հնարավոր է կանխարգելել այս վարակիչ հիվանդությունները»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ԱՆ պաշտոնյան ասաց, որ մեր երկրում դիֆթերիայի դեպքեր չեն գրանցվել 2000 թվականից։ Բացի այդ, պատվաստումների շնորհիվ Հայաստանում 1995-ից այլևս չի արձանագրվում պոլիոմելիտ հիվանդությունը, իսկ կարմրուկի և կարմրախտի առումով մեր երկիրը համարվում է էլիմինացված։
«Իհարկե բերովի դեպքեր լինում են, այսօր ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկման դեպքեր են գրանցվում, նույնիսկ կան երկրներ, որ կարմրուկը տարածվել է տարբեր շրջաններում, իսկ Հայաստանում լոկալ բռնկումը կապված էր բերովի դեպքերի հետ, և կրկին անգամ ապացուցվեց՝ Հայաստանում պատվաստոմները բարձր մակարդակով են իրականացվում և ունենք կոլեկտիվ իմունիտետ։ Բարեբախտաբար Հայաստանը շարունակում է մնալ էլիմինացված երկիր»,- նշեց Գայանե Սահակյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում պատվաստումներ են իրականացվում 18 վարակիչ հիվանդությունների դեմ՝ 15 պատվաստանյութով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան