Կառավարությունը ԱԺ ուղարկեց 2022թ բյուջեի կատարողականը
«Բյուջեի հաշվետվությունը բաղկացած է երկու մասից՝ թվային տվյալներից և վերլուծական մասից»,-կառավաության նիստում հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին նախագիծը:
Նա հայտնեց, որ «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 116 րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 25 րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, համաձայն որոնց Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:
Նախարարն ասաց, որ 2022 թվականին ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունում, այդ թվում՝ ՀՀ գործընկեր երկրների տնտեսություններում տեղի է ունեցել տնտեսական աճի դանդաղում՝ պայմանավորված համաշխարհային մատակարարման շղթաների խաթարմամբ, դրա արդյունքում պարենային և հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ, ձևավորված բարձր գնաճային միջավայրը մեղմելուն ուղղված՝ կենտրոնական բանկերի զսպող դրամավարկային քաղաքականությամբ:
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ կենտրոնական բանկերի կողմից իրականացված քաղաքականության արդյունքում ձևավորված բարձր գնաճային ճնշումները տարվա ընթացքում թուլացել են՝ շարունակելով բարձր մնալ պատմական միջին մակարդակից:
Բյուջեի հաշվետվության մեջ ասվում է. «Համավարակի և Արցախյան պատերազմի շոկերից հետո տնտեսության 2021 թվականի վերականգնման տեմպերն արագացան 2022 թվականի տարեսկզբին։ Չնայած փետրվարի վերջերից սկիզբ առած ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների բացասական ազդեցությունների հետևանքով տնտեսական ակտիվության մարտ ամսի որոշակի դանդաղմանը, ապրիլ ամսից դեպի Հայաստան մարդկանց ներհոսքի, զբոսաշրջության զգալի ավելացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների՝ ՀՀ տեղափոխման, ինչպես նաև սեպտեմբերին դեպի Հայաստան միգրանտների նոր հոսքի արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպերը կտրուկ արագացան, հատկապես՝ ծառայությունների ոլորտում: Արդյունքում 2022 թվականին գրանցվեց 12.6% տնտեսական աճ: 2022 թվականին տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ գյուղատնտեսության, գրանցվեց ավելացված արժեքի աճ: Տնտեսական աճն ուղեկցվեց ներքին և արտաքին պահանջարկի աճով:
-2022 թվականի պետական բյուջեով կանխատեսվում էր 7.0% տնտեսական աճ, սակայն, պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտության և Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների արդյունքում ՀՀ համար ձևավորված նպաստավոր տնտեսական զարգացումներով (մասնավորապես` հակամարտող երկրներից դեպի Հայաստան մարդկանց ներհոսք, ՌԴ-ից ՏՏ ոլորտի աշխատակիցների և ընկերությունների՝ ՀՀ տեղափոխում, դեպի ՌԴ արտահանման պահանջարկի զգալի ավելացում, ինչպես նաև դեպի Հայաստան միջազգային զբոսաշրջության բարձր աճ), 2023 թվականի պետական բյուջեով 2022 թվականի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվեց 11.0%-ի։ Սակայն հետագա տնտեսական զարգացումներն ընթացան սպասվածից ավելի նպաստավոր պայմաններում և արդյունքում գրանցվեց 12.6% տնտեսական աճ՝ սկզբնական կանխատեսումից շեղվելով 5.6, իսկ վերանայվածից՝ 1.6 տոկոսային կետով։
-2022 թվականին ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կանխատեսումների և նախորդ տարվա համեմատ տեղի է ունեցել տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավում, ինչի արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0.9%-ը: Ընթացիկ հաշվի և նրա բաղադրատարրերի ցուցանիշների կանխատեսումներից շեղումը հիմնականում պայմանավորվել է ռուս-ուկրաինական հակամարտության և ՌԴ-ի նկատմամբ կիրառվող աննախադեպ պատժամիջոցների հետևանքով դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքերով:
-2021 թվականի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8.3%՝ գերազանցելով ՀՀ կենտրոնական բանկի նպատակային՝ 4+/-1.5% ցուցանիշը: Տարվա ընթացքում, հաշվի առնելով ինչպես ներքին տնտեսությունում, այնպես էլ միջազգային պարենային շուկաներում գնաճային զարգացումները և գնաճային սպասումների որոշակի արագացումը, ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդհանուր առմամբ 3.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10.75%»:
Հարակից հրապարակումներ`
- Էլի խառնեցի, այստեղ, ցավոք սրտի, միլիարդները մի մարդու աշխատավարձի մասին չէր. Նիկոլ Փաշինյան
- Որպես առաջին քայլը պետք է Լաչինի միջանցք և ԼՂ գործուղվի միջազգային փաստահավաք առաքելություն. Նիկոլ Փաշինյան