480 գրամ քաշով ծնված փոքրիկը 127 օր անց ծննդատնից դուրս է գրվել 2 կգ քաշով
480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից: Բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխան ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր:
«Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում։
Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ:
«4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար: Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց առողջական խնդիրների»,- ասվում է ԲԿ-ի հաղորդագրությունում։