Անահիտ Մանասյան. ՄԻՊ-ը ստատուս գրող սուբյեկտ չէ
«ՄԻՊ-ը ոչ թե ստատուս գրող ու օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների խախտումների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող սուբյեկտ է այն իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական բողոքներին ու անհատական գործերին»,-կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը, երբ նրան հարց ուղղեցին Փաշինյանին դավաճան ասած երիտասարդին աշխատանքից ազատելու մասին։
Նա նշեց, կոնկրետ գործերի հետ կապված գնահատական տալը ենթադրում է դրան նախորդող օրենքով սահմանված գործընթացներ, առնվազն պետական մարմիններից, իրավասու սուբյեկտներից պարզաբանումներ ստանալ։
«Օրենքն արգելում է որևէ գնահատական տալ, քանի դեռ այդ պրոցեսները չեն իրականացվել։ Հետևաբար ՄԻՊ-ի ու ՄԻՊ աշխատակազմի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կոնկրետ շրջանակներում։ Վստահեցնում եմ ձեզ, եթե խոսքը վերաբերում է կոնկրետ գործերին, որոնք ընդգրկված են մեր մանդատի շրջանակում, դրա վերաբերյալ եզրահանգումներ ու հստակ դիրքորոշումներ լինելու են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ քաղաքացին կարող է դիմել ՄԻՊ աշխատակազմին։
Լրագրողի այն հարցին՝ ուզո՞ւմ եք ասել, որ Արման Թաթոյանը ստատուս գրող էր, Մանասյանն արձագանքեց, որ ոչ պարոն Թաթոյանի, ոչ էլ նախկին ՄԻՊ-ի վերաբերյալ գնահատական չի տվել, բացառիկ հարգանքով է վերաբերում իր բոլոր գործընկերներին։
«Ես նշեցի իմ գործունեության հիմնական սկզբունքները»,-ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին «դավաճան» ասած երիտասարդին, ապա Մանասյանն ասաց, դեպքի նույնը օրը զանգ են ստացել, որի միջոցով խնդրել են՝ պարզել, թե որտեղ է գտնվում քաղաքացին, անմիջապես ճշտել են ու հայտնել նրա գտնվելու վայրը, պատրաստակամություն են հայտնել գնալ ու տեսակցել անձին։
«Կարծես թե անձն արդեն ազատ էր արձակվել։ Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա այն կարևորագույն իրավունքներից մեկն է, բայց այն անսահամանփակ չէ, իհարկե։ Ես սա չեմ ասում, այդ դեպքի հետ կապված։ Խոսքն այն մասին է, որ այն սահմանափակված է»,-ասաց նա։
Մանասյանի խոսքով, իրենք տեղի ունեցածի վերաբերյալ անհատական բողոք չեն ստացել, բայց այն կփորձեն պահել ուշադրության կենտրոնում՝ հասկանալու, թե ինչու է քաղաքացին բերման ենթարկվել, անհրաժեշտության դեպքում արձանագրումներ անելու ենք։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը՝ Թագուհի Թովմասյանի ակցիայի մասին. Վիրավորանքի տարածմանը վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում են
- Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԻՊ-ին. Չգիտեմ տիկին, Դուք դատախազի կոֆե եփող, թե՞ բլենդերով սոկ քամողն եք եղել
- Անահիտ Մանասյան. Չափազանց կարևոր է, որ Սահմանդրության նկատմամբ մեր վերաբերմունքը լինի որպես սիմվոլի