Արմինե Անդայի անիմացիոն «Թռչող տերևների երգը» ֆիլմը կցուցադրվի միջազգային երկու փառատոներում
Ռեժիսոր Արմինե Անդայի կարճամետրաժ անիմացիոն «Թռչող տերևների երգը» ֆիլմը միանգամից երկու հաջողություն ունի: Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմն ընտրվել է Սլովակիայի Fest Anca անիմացիոն միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային պանորամա» ծրագրում, միաժամանակ ընդգրկվել է Հնդկաստանի SIFFCY - Smile միջազգային մանկապատանեկան կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։
Ֆիլմը հայ-իրանական առաջին անիմացիոն ֆիլմն է «Հոշկի Ֆիլմ» կինոընկերության կողմից։ Ռեժիսորի հետ միասին՝ ֆիլմի սցենարի հեղինակ է ուկրաինահայ հայտնի ռեժիսոր Ռոման Բալայանը։ Համաշխարհային պրեմիերայից անցել է մեկ ամիս միայն, ֆիլմն արդեն հայտարարված է վեց կինոփառատոնի ծրագրում։
Ֆիլմի մասին.
Ճանապարհորդություն դեպի երազանք՝ անտառում ապրող ու տերևների ծածկոցի տակ գիշերներ լուսացնող տասներկու տարեկան Սունայի և թաքնված գիտելիքի տիրապետող երկու հարյուր տարեկան Ծերունու հանդիպման միջով։ Անդրադարձ՝ Հոր ու դստեր, ուսուցչի և աշակերտի, մեծահասակի և փոքրահասակի հուզիչ ընկերությանն ու անհնարինը հնարավոր դարձնելու նրանց ճանապարհին․․․
Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ միասին՝ ֆիլմի ստեղծմանն աջակցել են «Օբերտոն» և «Բաղինյան արտ վիդեո» հայկական ընկերությունները։ Իսկ ֆիլմի համարտադրողն է իրանական «Հուրախշ ստուդիոզ» ընկերությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան