Կորոնավիրուսի համավարակի ընթացքում չարաշահումների գործով անցնող Գևորգ Սիմոնյանն ազատ կարձակվի
Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը բավարարել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում չարաշահումների գործով անցնող առողջապահության նախկին փոխնախարար, փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ փասատաբանի բողոքը։
«Շատ շուտով պարոն Սիմոնյանն ազատության մեջ կլինի»,-Panorama.am-ին ասաց փասատաբան Էմին Խաչատրյանը։
Նրա խոսքով, որոշումը դեռ ողջ ծավալով չեն ստացել, ծանոթ չեն դրան, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, դատարանը հիմնավոր կասկածի հետ է խնդիրներ արձանագրել։
«Մենք նույն բաներն ասում էինք նաև ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատավորն ականաջալուր չեղավ մեզ։ Վերաքննիչում մեր հարգարժան պարոն Սերգեյ Մարաբյանը բավարարեց բողոքը»,-ասաց փաստաբանը։
Նա ենթադրում է, Հակակառոպուցիոն կոմիտեն կբողոքարկի Գևորգ Սիմոնյանին ազատ արձակելու վերաբերյալ որոշումը։
«Ինձ չի թվում, որ գոհ մնացին որոշումից»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը բավարարել էր «Մեդլայն կլինիկ» ԲԿ փոխտնօրեն, նախկինում ավագ բուժքույր Լիլյա Հովակիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Այդ գործով կալանավորված է նաև նույն կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Դատարանը խափանման այլընտրանքային միջոց՝ տնային կալանք է կիրառել «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ, որը, ըստ մամուլի հրապարակումների, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի ընկերուհին է։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի, քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ կոմիտեի, ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- ՔՈՎԻԴ-ի գործով ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել
- «Քովիդ»-ի գործով կան նոր ձերբակալվածներ․ Հակակոռուպցիոն կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում
- «Քովիդի գործով» Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց
- «Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը, իսկ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը քննվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան