Կապտավանքի տարածքում ապօրինի տեղադրված խաչքարն ապամոնտաժվել է
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են Կոտայքի մարզի Կապուտան գյուղի Կապտավանք (Սբ Միանաս) վանքում ապօրինի տեղադրված խաչքարը։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ համայնքապետարանի գործակցությամբ խաչքարը կտեղադրվի նախատեսված տարածքում։
Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին, ծովի մակարդակից շուրջ 1800մ բարձրության վրա:
Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:
Կապտավանքը այն սակավաթիվ հուշարձաններից է, որոնք հայ քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ի հայտ եկան միայն XIV դարի առաջին կեսին և մեկ կառույցի մեջ կարողացան մեկտեղել երեք նշանակության շինությունների` դամբարան-եկեղեցի-զանգակատուն:
Եկեղեցին մասամբ վնասվել էր 1679թ.` երկրաշարժի ժամանակ, իսկ 1920-80թթ. գտնվում էր կիսաքանդ վիճակում: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1981-83թթ. (նախագծի հեղինակ Գ. Ղաֆադարյան):
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում