Վլադիմիր Օսինցևը հույս հայտնել, որ հայ-ռուսական մշակութային համագործակցությունն ավելի կխորանա
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում Երևանում գտնվող ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը:
Արա Խզմալյանը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ անդրադարձել 2022 թվականին մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագործակցության հագեցած օրակարգին՝ ընդգծելով գործուն փոխայցելությունները՝ նվագախմբերի, երաժշտական կոլեկտիվների, թատերախմբերի մասնակցությամբ:
ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևը նույնպես անդրադարձել է հայ-ռուսական մշակութային համագործակցության ակտիվությանը և հույս հայտնել, որ այն առավել կխորանա և կլինի շարունակական:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ապրիլի 28-ին՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացման կարևորությանը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:
Համաժողովի շրջանակում ռուսաստանյան ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները վարպետության դասեր կանցկացնեն երևանյան բուհերում: Միջոցառումները կամփոփվեն «Մոսկվա» կինոթատրոնում Ռուսական կինոյի օրերի բացման արարողությամբ և ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ։ Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն Երևանում և Գյումրիում:
Հանդիպման ընթացքում գործընկերները քննարկել են նաև մշակույթի ոլորտում հայ- ռուսական համագործակցության հնարավոր նախագծերը՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեստի և այլ ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան