Շնորհավորե՞լ, թե՞ խնդիրները քննարկել. Աշխատանքի անվտանգության միջազգային օրն է
«Այսօրվա մեր հանդիպումը ոչ թե միմյանց շնորհավորելու, այլ խնդիրները քննարկելու մասին է։ Անվտանգությունն այն հարցն է, որը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում պահել»,- Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հրավիրած քննարկմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ը Աշխատանքի միջազգային կազմակերպության օրացույցով ողջ աշխարհում նշվում է որպես աշխատանքի անվտանգության և առողջության օր։
Անդրադառնալով օրվա թեմային՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը կարևորեց այն ճյուղերն ու հարցերը, որոնք առկա են սոցիալական գործընկերության հարթակում, և նշեց, թե ինչ լուծումներ պետք է ունենա պետությունը այդ իմաստով։
«Նոր աշխատողներն ավելի զգույշ են, քան ավագ աշխատանկիցները, այս առումով հրահանգավորումները չպետք է կրեն ձևական բնույթ, սա էլ իրազեկվածության պակասի խնդիր է։ Շատ դեպքերում աշխատանքային պայմանագիրն առանց կարդալու ստորագրում են, իսկ խախտված իրավունքների բարձրաձայնման ժամանակ ստացվում է, որ աշխատանքային պայմանագրում նման պարտավորություններն ամրագրված են»,- խնդրի մի օրինակ մատնանշեց Մանասերյանը։
Անդրադառնալով գործատու-աշխատող կապին, Ռուբեն Սարգսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, մարդը բարձրագույն արժեքը է և OSHA-ի (The Occupational Safety and Health Act ) ստանդարտները հավասարապես տարածվում են ինչպես գործատուի, այնպես էլ աշխատողի վրա։
«Այդ մասով մենք արդեն իսկ ունենք նախագիծ, հետագայում անելիք ունենք նաև ՕՇԱ-ի առանձին ծրագիր ունենալու վերաբերյալ։ Բայց այս պահի դրությամնբ նշեմ, որ մայիսի 2 –ին նախատեսվում է աշխատանքային օրենսգրքի մեծ փաթեթի քննարկում»,- ասաց Սարգսյանը։
Խոսելով աշխատանքային պայմանների և անվտանգության գործոնի մասին՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը հիշեց Բանգլադեշի Ռանա պլազայի փլուզման դեպքը.
«Մեծ զոհերի հանգեցրած այս դեպքը նույնպես կապված էր աշխատանքային անվտանգության խնդիրների հետ, որից հնարավոր էր խուսափել»։
Ներկաները, վկայակոչելով ԱՄԿ-ի հետազոտությունների արդյունքները, նշում են, որ նման դեպքերի 90%-ը մարդկային սխալի հետևանքով է՝ հիշեցնելով, որ խնդրի կանխումն ավելի հեշտ է, քան հետևանքները վերացնելը։
Քննարկումն ամփոփելով, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը նշեց, որ Հայաստանը չունի առողջ և անվտանգ աշխատանքի պրոֆիլ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին