Կառավարության փայ մտնելը՝ ԶՊՄԿ-ի հարկերի 56% նվազման պատճառ
Օրերս ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 խոշոր հարկատուների՝ բյուջե վճարած հարկերի չափը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) 2023 թ. հունվար-մարտ ամիսներին բյուջե է վճարել 15.49 մլրդ դրամ հարկ։ 2022թ. համադրելի ցուցանիշի՝ 35.4 մրդ դրամի համեմատ՝ 19.96 միլիարդով կամ 56.31%-ով պակաս։
Այս ցուցանիշի պատճառները պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց Tvyal.com հարթակի ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանին:
Panorama.am-Պարո՛ն Թավադյան, ինչպե՞ս կբացատրեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 2023 թ. հունվար-մարտ ամիսներին բյուջե մուծումների կտրուկ նվազումը:
Ա. Թավադյան-Պետք է հասկանալ, որ 2022 թվականին ունեինք Զանգեզուրի պղնձամոլիբդնեային կոմբինատի (ԶՊՄԿ) հարկերի կտրուկ աճ: Եթե 2022 թ. համեմատենք 2021 թ.-ի հետ, ապա կտեսնենք, որ կոմբինատի հարկերն աճեցին մոտ 3 անգամ՝ 48.8 մլրդ դրամից հասնելով մինչև 143.9 մլրդ դրամ: Աճեցին ոչ միայն ԶՊՄԿ-ի հարկերն, այլև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի հարկերը՝ մոտ 5 անգամ:
Սա պայմանավորված էր նրանով, որ 2021 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը կառավարությունը կիրառել է հում հանքաքարի արտահանման տուրք՝ 1 տոննայի հաշվով՝ 160 հազար դրամ՝ բացառությամբ ԵԱՏՄ երկրների: Ուժի մեջ էր մտել նաև մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը՝ մեկ տոննայի դիմաց 800 հազար դրամի չափով: Եթե հաշվի առնենք, որ 2022 թվականին այդ Ժամանակահատվածում արտահանվել է 478 հազար տոննա պղնձի հանքաքար և խտանյութ և 9.6 հազար տոննա մոլիբդենի խտանյութ, ապա ընդհանուր տուրքի վճարը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, որը 2022 թվականի բյուջեից ընդհանուր հարկային մուտքերի մոտ 5-6 % է:
Այս տուրքով պայմանավորված 2022 թվականին ընդհանրապես չի եղել հանքաքարի և խտանյութի արտահանման ծավալների աճ: Եթե նախորդ տարիների ընթացքում բավականին մեծ տեմպերով աճ էր տեղի ունեցել, որին նպաստել է նաև պղնձի համաշխարհային գների կրկնակի աճը, ապա 2022 թվականին ընդհնարապես աճ տեղի չի ունեցել:
2022 թվականին տեսել ենք նաև մոլիբդենի արտահանում դեպի ՌԴ, քանի որ այն հանվել էր տուրքի ցանկից ու նաև տեսել ենք վերամշակված պղնձի արտահանում, որը շատ հետաքրքիր է, քանի որ զտված պղնձի չմշակված ձուլվածքների արտահանում Հայաստանում չկար մինչև այդ պահը:
Panorama.am-Ինչո՞ւ հանվեց հում հանքաքարի արտահանման տուրքը:
Ա.Թավադյան-Դրա պատճառն ավելի շատ քաղաքական է, քանի որ այս տուրքով ԶՊՄԿ-ն իր բաժնետոմսերի սկսզբից 15 %-ը, այնուհետև 6,8%-ը, ընդհանուր մոտ 23%-ն ընծայեց կառավարությանը: Այսինքը՝ ՀՀ կառավարությանը պատկանում է ԶՊՄԿ-ի մոտ ¼-ը, որից հետո նոր այս տուրքը հանվեց: Այդ պատճառով էլ մենք տեսնում ենք 2022 թվականին ԶՊՄԿ-ի հարկերի եռակի ավելացում և 2023 թվականի առաջին եռամսյակի իջեցում:
Panorama.am-ի կողմից էլ հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 2022թ.-ին ռեկորդային հարկեր են հավաքագրվել՝ պայմանավորված ավելացված արժեքի հարկով: Պարզվում է, որ 2022 թվականի հարկային մուտքերի 21.4 % ռեկորդային աճը պայմանավորված էր նաև ԶՊՄԿ-ի տուրքերի մեծացմամբ: Հետևաբար՝ 2023 թվականի նույնքան մեծ տեմպերով աճ չենք կարող ակնկալել, ինչ 2022 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վայրիվերումները խոշոր հարկ վճարողների ցանկում
- Քաջարանցիները փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը
- Տարվա կոռուպցիոն գործարքը
- Երեք ամսում Թուրքիա ենք արտահանել 57 մլն դոլարի ոսկու փոշի.Աղասի Թավադյան
- 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել են 39 ՏՏ ընկերություններ